«Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության անդամները Վարդան Օսկանյանի գործը ներկայացնելիս կօգտվեն այնպիսի մոդելից, որը կվնասի Հայաստանի միջազգային վարկանիշին: Այդ մասին այսօր`հոկտեմբերի 5-ին  խորհրդարանում կայացած ճեպազրույցի ընթացքում հայտարարել է ՀՀԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը` պատասխանելով հարցին, թե Հայաստանի վարկանիշի վրա ինչ ազդեցություն կթողնի ԵԽԽՎ-ում Օսկանյանի գործով «Բարգավաճ Հայաստանի» ներկայացուցչի հայտարարությունը:

Սահակյանի խոսքով` ԲՀԿ-ական պատգամավորները կարող էին Օսկանյանի գործը ներկայացնել Հայաստանի խորհրդարանում, դա նրանց չհաջողվեց, հիմնական ծանրությունը կրեց Օսկանյանը:

«Ինչ վերաբերում է հարցին, թե որտեղ ինչ կասեն նրանք, դա իրավական հարց է, եւ կարծում եմ, որ մեր ժողովրդի համար այդ հարցը կապացուցվի իրավաբանական հարթությունում: Ժամանակին հայերն իրենց թագավորներին մատնելու համար Տիզբոն էին գնում, այդ պատճառով քանդեցին երկիրը»,- ասել է Սահակյանը: