Հոկտեմբերի 5-ին «Երեւանի մետրոպոլիտեն» ՊՓԲԸ դեպոյի տարածքում անցկացվեց ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժանք, որի թեման էր «Մետրոյի աշխատակիցների եւ ուղեւորների պաշտպանական միջոցառումների կազմակերպումը հրդեհի դեպքում»:

ԱԻՆ լրատվական ծաայությունից հայտնում են, թե ուսումնավարժանքի նպատակներն էին`

• կատարելագործել «Երեւանի մետրոպոլիտեն» ՊՓԲԸ-ի կազմավորումների եւ արձագանքող ուժերի գործնական հմտությունները հրդեհաշիջման եւ փրկարարական աշխատանքների դեպքում.

• ստուգել արձագանքող ուժերի պատրաստվածությունը ստեղծված իրավիճակում.

• կատարելագործել տեխնիկայի, գույքի, հատուկ փրկարարական սարքավորումների, անհատական պաշտպանության եւ բուժօգնության միջոցների կիրառման գործում ստորաբաժանումների անձնակազմերի գործնական հմտությունները:

Սցենարի համաձայն` «Երեւանի մետրոպոլիտեն» ՊՓԲԸ-ի դեպոյի տարածքում վագոնների վերանորոգման աշխատանքների ընթացքում հրդեհ էր բռնկվել: Աշխատակիցները սեփական ուժերով ձեռնարկել էին նախնական հրդեհաշիջման միջոցառումներ, սակայն չէին կարողացել մարել հրդեհը եւ այն տարածվել էր հարակից վագոններ ու կայարան: Րոպեներ անց մետրոպոլիտենի աշխատակիցները ահազանգեցին 911 ծառայություն, քանի որ հրդեհը տարածվում էր եւ կային տուժածներ:

Պայմանական դեպքի վայր ժամանեց երեք մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք։ Հետախուզության արդյունքում պարզվեց, որ այրվող վագոնում փակված է մնացել 5 աշխատակից: Հրշեջ-փրկարարներն անմիջապես սկսեցին հրդեհաշիջումը եւ այրվող վագոնից դուրս բերելով «տուժածներին»` նրանց հանձնեցին դեպքի վայր ժամանած շտապօգնության բրիգադներին։ Այդ ընթացքում ոստիկանության հաշվարկները շրջափակել էին տարածքն ու սահմանափակել երթեւեկությունը:

Ուսումնավարժանքի արդյունքներն ամփոփելիս Երեւանի մետրոպոլիտենի առաջին բաժնի պետ Ռոմիկ Մուրադյանը լրագրողների հետ զրույցում ասաց.

- Նման միջոցառումներ պետք է անցկացվեն բոլոր մարդաշատ օբյեկտներում: Մետրոպոլիտենում անցկացված ուսումնավարժանքը նախատեսված էր մեր ծրագրով, որպեսզի մենք միշտ պատրաստ լինենք նման արտակարգ իրավիճակներին: Վարժանքներից բացի` մենք նաեւ պարապունքներ ենք անցկացնում մեր աշխատակիցների հետ: Մենք պայմանագիր ունենք ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի հետ եւ հրավիրում ենք իրենց դասախոսներին` մեր աշխատակիցներին համապատասխան գիտելիքներ տալու նպատակով:

ՀՀ ԱԻՆ ՓԾ Երեւանի փրկարարական վարչության պետ, գնդապետ Մուշեղ Ղազարյանը նշեց, որ ուսումնավարժանքն իրականացվել է Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի որոշմամբ: