Հայաստանի Իվանիշվիլին Վարդան Օսկանյանն է: Այդ մասին այսօր`հոկտեմբերի 5-ին  խորհրդարանում կայացած ճեպազրույցի ընթացքում հայտարարել է ՀՀԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը` պատասխանելով հարցին, թե կարծում է արդյոք, որ ԲՀԿ-ի առաջնորդը հայրենական Բիձինա Իվանիշվիլին է:

«Նախ, Գագիկ Ծառուկյանը դեռ նախագահական ընտրություններին առաջադրվելու մտադրության մասին չի հայտարարել: Իսկ եթե հումորով մոտենանք, ապա  Հայաստանի Իվանիշվիլին Վարդան Օսկանյանն է», - ասել է Սահակյանը:

Հարցին, թե արդյոք այդ պատճառով խորհրդարանն Օսկանյանին զրկեց պատգամավորական անձեռնմխելիությունից, Սահակյանը նշեց. «Օսկանյանին ոչ ոք ոչնչից չի զրկել: Ընդամենը խորհրդարանական եւ հանրային վերահսկողություն է սահմանվել այդ գործի նկատմամբ»: Հարցին պատասխանելիս Սահակյանը լրագրողներից հետաքրքրվել է`արդյոք այն հումորով էր ուղղվել, քանի որ ինքը հենց հումորով է պատասխանել:

Հիշեցնենք, որ Հայաստանի խորհրդարանը հավանություն էր տվել նախկին արտգործնախարար, ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանին փողերի լվացման գործում իբրեւ մեղադրյալ ներգրավելուն:

Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի