Հայաստանը համակարգչային հագեցվածությամբ աշխարհում առաջատար չէ, այնուամենայնիվ մարդիկ իրենց կենցաղն այլեւս չեն պատկերացնում առանց համակարգչի կամ պլանշետի; «Յունիքոմփ» ընկերության գլխավոր տնօրեն Արմեն Բալդրյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ համակարգիչների վաճառքի ծավալները շուկայում էապես ավելացել են, սակայն խստացել է մրցակցությունը: Նրա խոսքով՝ այս շուկայում մրցակցությունն այնքան ուժեղ է, որ միայն համակարգիչների վաճառքը շահութաբեր չէ, կարեւորվում են հարակից ծառայությունները:
Ա. Բալդրյանի տեղեկացմամբ՝ վերջին 3 տարում համակարգիչների գները հանրապետությունում նվազել են միջինը 40%-ով: Եթե 3 տարի առաջ նորմալ համակարգիչ կարելի էր գնել 1000 դոլարով, ապա ներկայում 170-180 հազ. դրամից սկսած կարելի է նոթբուքեր ձեռք բերել:
Ընդ որում՝ համակարգիչներից ամենաշատը վաճառվում են նոթբուքերը: Այս շուկայում առավել մեծ պահանջարկ վայելում են HP-ի մոդելները: Ըստ Ա. Բալդրյանի՝ ըստ հերթականության առաջին հնգյակում են «Լենովոն», Acer-ը, Dell-ը, Apple-ը: Ընդ որում՝ համաշխարհային հայտնի ընկերությունները սկսել են լուրջ ուշադրություն դարձնել հայաստանյան շուկային՝ որպես դինամիկ զարգացող:





























