Հայաստանի ԱԳՆ-ի շենքի վաճառքը սեփական մշակույթի, սեփական ժողովրդի նկատմամբ անհարգալից վերաբերմունք է, նման բան չէր կարելի թույլ տալ: Այդ մասին այսօր`հոկտեմբերի 5-ին խորհրդարանում կայացած ճեպազրույցի ընթացքում հայտարարել է ՀԱԿ խորհրդարանական խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը` հավելելով, որ քիչ է մնում անվայել ձեւով արտահայտվի, սակայն դաստիարակությունը թույլ չի տալիս:
«Իշխանությունները արժեհամակարգ չունեն, եւ կարելի է սպասել, որ շուտով կվաճառեն Օպերայի, Մատենադարանի շենքերը, իսկ հետո վաճառքի կհանեն կառավարության շենքը` անդամներով հանդերձ, գինն էլ կառաջարկի գնորդը»,- նշել է Մանուկյանը:
ՀՀԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի կարծիքով` հարմարությունների առումով ԱԳՆ-ի շենքը քիչ հնարավորություններ ունի.
«Իհարկե, հիշողություններ կան, բայց չեմ կարծում, որ կառավարությունն այդ քայլին դիմել է երկրին վնաս հասցնելու համար: Սակայն այդ հանգամանքը որոշ ուժեր շահարկում են` ցույց տալու համար, որ կառավարությունը վատ բան է անում»:
«Ժառագություն» խորհրդարանական խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը նշել է, որ ԱԳՆ-ի շենքն ունի հիանալի ճարտարապետություն, եւ շատ ցավալի է, որ այն վաճառվում է: «Ցավալի է, որ շենքի կողքով անցնելիս այն այլեւս չեմ ընկալելու իբրեւ Հայաստանիի ԱԳՆ-ի շենք»:
ՀՅԴ խորհրդարանական խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը նշել է, որ այդ շենքում ոչ միայն ԱԳՆ-ն է, այլեւ Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունը, տարածքային կառավարման նախարարությունը: «Ես չեմ խոսի հարցի զգացմունքային կողմի մասին: Այստեղ հարցը գործարքի թափանցիկությունն է: 14 հազ. քկմ-ն վաճառվում է 51 մլն դոլարով, ինչը համապատասխանում է քաղաքի կենտրոնի գներին: Սակայն հետո պարզվում է, որ ժամանակին կառավարությունը ընկերությանը հատկացրել էր արդարադատության նախարարության այրված շենքի տարածքը, որը ԱԳՆ-ի շենքը գնելու մտադրություն ունեցող «Տանգո» ընկերության դուստր ձեռնարկությունն է: Այսինքն, ընկերությունը արդարադատության նախարարության շենքի տեղում պետք է շենք կառուցի, որի նախագիծը ոչ ոք չի տեսել: Անհայտ է նաեւ, թե արդյոք կառուցվող շինությունում կընդգրկվեն գործարքի արդյունքում փողոցում հայտնված նախարարությունները»,- նշել է նա:
Վարդանյանը նաեւ հավելել է, որ ՀՅԴ խորհրդարանական խմբակցությունը խորհրդարանին առաջարկել է քննարկել տվյալ գործարքի հարցը:
Հիշեցնենք, որ շենքը շահագործման էր հանձնվել երկու փուլով 1951 եւ 1955թթ.: Բացի այդ, սփյուռքի եւ արդարադատության նախարարությունները շենքով ապահովված չեն: Այս պատճառներով կառավարությունում բազմաթիվ քննարկումներ են ընթացել:
Հիշեցնենք, որ սույն թվականի հուլիսի 19-ի կառավարության N 916 - Ա որոշմամբ Արդարադատության նախարարության նախկին շենքի փլատակներից ազատված 0,5081 հա մակերեսով պետական սեփականություն հանդիսացող հողամասն ուղղակի վաճառքով օտարվել է՝ պայմանով, որպեսզի գնորդն այնտեղ սեփական միջոցներով հասարակական նշանակության շենք կառուցի՝ պետության կողմից այն գնելու նախապատվության իրավունքով:
Շենքի կառուցման վերջնաժամկետ է սահմանվել 2015թ հունիսի 30-ը:
Այսինքն, 2015թ., երբ շահագործման հանձնվի Վ.Սարգսյան3 հասցեում կառուցվելիք շենքը, պետությունն այն ձեռք բերելու հնարավորություն կունենա եւ առաջնահերթ կհատկացնի հիմնական տարածք չունեցող, ինչպես նաեւ անբավարար շենքային պայմաններ ունեցող նախարարություններին:
Կառավարական 2 մասնաշենքի օտարման որոշում է կայացվել՝ առաջարկներից լավագույնի ընտրությամբ, ելնելով պետական գույքի արդյունավետ կառավարման տրամաբանությունից:
Կառավարության որոշմամբ գործարքի գինը կազմում է 51,271,006 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ, իսկ գնի մի մասի դիմաց գնորդը պարտավորվում է մինչեւ 2015 թ. սեպտեմբերի 1-ը պետությանը հանձնել Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հուլիսի 19-ի N916-Ա որոշմամբ օտարվող գույքի սեփականատեր եւ գնորդի դուստր հանդիսացող` «Սալսա Դիվելոփմենթ» փակ բաժնետիրական ընկերության 100 տոկոս բաժնետոմսերը` անվանական արժեքով, որի հաշվեկշռում կլինի ք.Երեւան Վ.Սարգսյան3 հասցեում գտնվող 0.5081 հա հողամասը՝ նոր կառուցված շենքով:
Գնորդը պարտավորվում է այժմյան Կառավարական 2 շենքը, հանձնման-ընդունման աշխատանքներից հետո, անհրաժեշտ ծավալի ներդրումներով վերակառուցել եւ օգտագործել բացառապես որպես 5 աստղանի հյուրանոցային համալիր` միջազգային ճանաչում ունեցող հյուրանոցային ցանցի բրենդով` պարտադիր պահպանելով շենքի պատմաճարտարապետական տեսքը:
Պայմանագրում կամրագրվի նաեւ Կառավարական 2 շենքն ազատելու ժամկետը, որը կլինի միայն նախարարություններին համապատասխան տարածքներով ապահովվելուց հետո:




























