Ավստրալիայում հոկտեմբերի 5-ին բացվել է նոր գերժամանակակից ASKAP ռադիոհեռադիտակը (Australian Square Kilometre Array Pathfinder): Այս սարքը, որը կազմված է 12 մետրանոց 36 ռադիոանտենաներից, կդառնա Square Kilometer Array (SKA) հզոր ռադիոհեռադիտակի նախատիպն ու թեսթային հարթակը, որի կառուցումը նախատեսված է սկսել 2016 թ.-ին:

ASKAP ռադիոհեռադիտակը, որի ընդհանուր արժեքը կազմել է 140 միլիոն ավստրալական դոլար (155 մլն. դոլար), կառուցվել է Ավստրալիայի արեւմուտքում գտնվող անապատում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Հեռադիտակի ալեհավաքները կծառայեն  հիմնականում գալակտիկաների ընդհանրական ուսումնասիրությունների համար: Նոր տեխնալոգիաները  թույլ են տվել մոտ 30 անգամ լավացնել հեռադիտակի տեսանելիությունը, ինչը հնարավորություն կտա շատ արագ զննել ողջ երկինքը` տվյալներ հավաքելով  միլիոնավոր հեռավոր գալակտիկաների մասին :

Ներկայումս աշխարհի տարբեր երկրներից գիտնականները հայտեր են ներկայացնում նոր սարքի դիտարկային ծրագրերին մասնակցելու համար: Սպասվում է, որ ASKAP-ի գիտական ծրագիրը կմեկնարկի 2013 թ.-ի վերջին: