Հայաստան –Կորեայի Հանրապետություն համագործակցությունը տեղեկատվական եւ հեռահաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտում պետք է խորանա եւ զարգանա: Այդ մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Ռուսաստանի Դաշնությունում Կորեայի Հանրապետության առեւտրային կցորդ Բյոն Լա Ջյոն, ով ղեկավարում է «ԴիջիԹեք 2012»-ում կորեական պատվիրակությունը:

Նշենք, որ «ԴիջիԹեք»-ին մասնակցում են Հարավային Կորեայի առեւտրաարդյունաբերական պալատի ու Ազգային ՏՀՏ զարգացման գործակալության ներկայացուցիչները:

Կորեացի հյուրը շնորհակալություն հայտնեց ՀՀ կառավարությանը հրավերի համար, ինչպես նաեւ ընդգծեց ՀՀ-ում Կորեայի Հանրապետության պատվավոր հյուպատոս Արմեն Աբրահամյանի ջանքերը: Նրա խոսքով՝ ներկայում միմյանց ճանաչելու ժամանակն է՝ Կորեան ներկայացնում է տեղեկատվական եւ հեռահաղորդակցական ոլորտում իր զարգացվածությունը եւ ցանկանում է տեղեկանալ Հայաստանի զարգացվածության աստիճանի մասին: