Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հոկտեմբերի 5-ին ընդունեց Շվեյցարիայի խորհրդարանի «Շվեյցարիա-Հայաստան» բարեկամության խորհրդարանական խմբի պատվիրակությանը` համանախագահներ Ուելի Լոյենբերգերի և Դոմինիկ դը Բյումանի գլխավորությամբ:
Ինչպես NEWS.am-ին հայտնեցին ԱԳՆ-ի մամուլի ծառայությունից, ողջունելով հյուրերին՝ նախարար Նալբանդյանը գոհունակություն է հայտնել Հայաստանի եւ Շվեյցարիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր քսան տարիների ընթացքում թե փոխադարձ այցերի, եւ թե միջազգային տարբեր հարթակներում հաճախակի շփումների միջոցով, բնականոն հաճախականությամբ զարգացող բարձր մակարդակի քաղաքական երկխոսության առնչությամբ:
Նալբանդյանը ողջունել է շվեյցարացի պատգամավորների այցն Արցախ՝ նշելով, որ նման այցելությունները հնարավորություն են առաջին ձեռքից ծանոթանալու Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին եւ տեղում առկա իրավիճակին:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` շվեյցարացի խորհրդարանականներն վստահեցրել են, որ շարունակելու են իրենց գործունեությունը ուղղված հայ-շվեյցարական փոխգործակցության առավել ամրապնդմանն ու խորացմանը:
Նալբանդյանը առանձնահատուկ կարեւորել է խորհրդարանական դիվանագիտության դերը, եւ մասնավորապես բարեկամական խմբերի կողմից իրականացվող աշխատանքները որպես երկու երկրների միջեւ հարաբերությունների զարգացման կարեւոր բաղադրիչ: Կողմերն անդրադարձել են նաեւ միջազգային եւ տարածաշրջանային մի շարք հարցերի:





























