Ֆիզիկական անձինք 2012 թ. օգոստոսին ոչ առեւտրային նպատակներով Հայաստան են փոխանցել 163 մլն դոլար, տեղեկացնում է ՀՀ կենտրոնական բանկը: Ութ ամսվա կտրվածքով տրանսֆերտները գերազանցել են 1 մլրդ դոլարը: Նախորդ տարվա 8 ամիսների համեմատ տրանսֆերտները աճել են 10%-ով կամ մոտ 80 մլն դոլարով:

Նշենք, որ 2011 թ. տրանսֆերտների ընդհանուր գումարը կազմել է 1.28 մլրդ դոլար:

Տրանսֆերտների ամենամեծ աճը բաժին է ընկնում Ռուսաստանին: 2012 թ. 8 ամսվա կտրվածքով այդ երկրից փոխանցվել է 870 մլն դոլար՝ 90 մլն դոլարով ավելի, քան 2011 թ: Փոխարենը՝ մոտ 2 մլն դոլարով նվազել են ԱՄՆ-ից ստացվող տրանսֆերտները՝ կազմելով 44.5 մլն դոլար:

Ավելի զգալի է նվազումը Ուկրաինայից՝ 12 մլն դոլար, նախորդ տարվա 17 մլն դոլարի համեմատ:

Նվազել են նաեւ Թուրքիայից ստացվող տրանսֆերտները՝ կազմելով 1 մլն դոլար, նախորդ տարվա 1.4 մլն դոլարի համեմատ: Սակայն Հայաստանից դեպի Թուրքիա փոխանցումները նույնպես նվազել են՝ 3.2 մլն դոլարից իջնելով մինչեւ 2.5 մլն դոլար: