Հայաստանում տարեսկզբից աշխատանքի է տեղավորվել 7259 աշխատանք փնտրող: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Զբաղվածության պետական գործակալությունից Աշխատանքի տեղավորվածներից 4119 կանայք են, 2191-ը` երիտասարդներ են, 1052-ը` 55 եւ բարձր տարիքի աշխատանք փնտրողներ են:
Օգոստոս ամսվա ընթացքում գործակալություն է ներկացվել շուրջ 2759 թափուր աշխատատեղ, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճել է` 56.1 %-ով (1767 աշխատատեղ): Թափուր աշխատատեղերից 1630-ը բանվորական է (59.1 %), իսկ 1129-ը ծառայողական (40.9 %): Ամսվա ընթացքում թափուր աշխատատեղերից 412-ը` լրացվել է, 1148-ը կրկնվող են: Դրանք կրկնվում են որակյալ աշխատուժի բացակայության եւ ցածր աշխատավարձի պատճառով:
Աշխատաշուկայում պահանջարկված թափուր աշխատատեղերն են՝ բժիշկների (մարզերում), ֆինանսիստների, հաշվապահների, գանձապահների, դասավանդողների, դաստիարակների, մենեջերների, գործակալների, առաքիչների, համակարգչային օպերատորների, համակարգչային դիզայներների, համակարգչային վերանորոգողների, վաճառողների, խոհարարների, մատուցողների, հացթուխների, փականագործների, կարողների, ավտովերանորոգողների, վարորդների, վարսահարդարների, էլեկտրիկների, եռակցողների, որմնադիրների, կարող-գործողների,վարորդների, վերելակավարների եւ այլ բանվորական մասնագիտությունները:





























