Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ հոկտեմբերի 5-ին, ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի «Գերմանիա-Հարավային Կովկաս» խորհրդարանական խմբի նախագահ Վոլֆգանգ Բյորնզենին: Ինչպես այս մասին տեղեկացրին NEWS.am-ին նախագահի մամուլի ծառայությունից, հանրապետության ղեկավարը ողջունել է պարոն Բյորնզենի գլխավորած պատվիրակության այցը մեր երկիր եւ կարեւորել խորհրդարանական ձեւաչափով այցելությունները՝ որպես բարեկամ երկրների եւ ժողովուրդների միջեւ փոխճանաչողության բարձրացմանն ու բարեկամության ամրապնդմանն ուղղված քայլ: Նման այցելությունները, նախագահի համոզմամբ, նպաստում են նաեւ միջազգային ասպարեզում Հարավային Կովկասի մասին օբյեկտիվ իրազեկվածության մակարդակի բարձրացմանը:
Հանդիպմանը երկուստեք ընդգծվել է, որ հայ-գերմանական քաղաքական երկխոսությունը եւ բազմաբնույթ համագործակցությունը երկկողմ հարաբերությունները շարունակաբար զարգացնելու լայն հնարավորություններ են ստեղծում: Բունդեսթագի «Գերմանիա-Հարավային Կովկաս» խորհրդարանական խմբի նախագահ Վոլֆգանգ Բյորնզենը նշել է, որ իր գործընկերների հետ այսուհետ եւս ջանքեր կգործադրի ամենատարբեր ոլորտներում Հայաստանի եւ Գերմանիայի միջեւ փոխգործակցությունը խթանելու եւ Հայաստանի զարգացմանը նպաստելու ուղղությամբ:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաեւ տարածաշրջանային խնդիրների եւ մարտահրավերների շուրջ:





























