Բիձինա Իվանիշվիլին չէր կարող հայերի մասին իրեն վերագրվող հայտարարություններն անել: Այս մասին NEWS.am-ին ասաց Վրաստանի Ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Մամուկ Արեշիձեն` մեկնաբանելով ռուսական «The New Times» ռուսական պարբերականին տված Բիձինա Իվանիշվիլիի հարցազրույցը, որտեղ կար նաեւ հետեւյալ հատվածը. «Ահա մեզ մոտ, այստեղ, օրինակ բնակվում են հայերը: Նրանց հայրենիքը կողքին է, բայց նրանք այստեղ են ապրում: Ձեզ համար, հավանաբար, նման հարց չկա: Իսկ ինձ համար անհասկանալի է: Ես ապրել եմ Ֆրանսիայում, եւ երազում տեսնում իմ գյուղը, իմ հողը...»:
Արեշիձեի կարծիքով` խոսքերը կամ սխալ են ընկալվել, կամ ոչ ճիշտ են ներկայացվել: «Նա չէր կարող նման բան ասել: Ես մի քանի անգամ մասնակցել եմ հայկական կազմակերպությունների ներկայացուցիչների հանդիպմանը, եղել եմ նաեւ Ջավախքում ընտրողների հետ հանդիպմանը: Նրանց ելույթների բովանդակությունը բոլորովին այլ էր»,-հայտարարեց Արեշիձեն:
«Մենք կարծում ենք, որ բոլոր հայերը, որոնց գրպանում վրացական անձնագիր է, Վրաստանի լիարժեք քաղաքացիներ են: Կան հայեր, որոնք դարեր շարունակ ապրում են Վրաստանում, եւ չեն էլ հիշում, թե իրենց պապերը երբ են եկել Վրաստան: Սա նրանց հայրենիքն է, նրանց հողը: Նրանք պետք է այստեղ ապրեն: Եւ ինձ համար ցավալի է, որ սոցիալական խնդիրների պատճառով նրանք ստիպված են հեռանալ Ռուսաստան կամ արեւմտյան երկրներ»,-ասաց Արեշիձեն:





























