Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր` հոկտեմբերի 5-ին, ընդունել է Հայաստանում Չեխիայի Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատար Պետր Միկիսկային:
Ինչպես հայտնում է են կառավարության մամուլի ծառայությունից, վարչապետը, ողջունելով հյուրին, նշել է. «Ուրախ եմ, որ մեր բարեկամ երկրի դեսպանությունն իր աշխատանքն է սկսում Երեւանում: Մենք կօժանդակենք ձեր գործունեությանը եւ կանենք հնարավոր ամեն ինչ, որպեսզի դուք լավ զգաք ձեր դիվանագիտական առաքելության ընթացքում: Հայաստանը շահագրգռված է Չեխիայի հետ կապերն ամրապնդելու հարցում: Երկկողմ ապրանքաշրջանառության ծավալը փոքր է, եւ մենք պետք է համատեղ ջանքեր գործադրենք, որպեսզի այդ հարաբերություններն ավելի բազմաբնույթ դարձնենք, ինչի համար մեծ ներուժ կա: Համոզված եմ, որ նոյեմբերին անցկացվելիք համատեղ գործարար համաժողովը կխթանի նոր կապերի հաստատումը»:
Միկիսկան շնորհակալություն է հայտնել ընդունելության համար եւ վստահեցրել, որ կանի հնարավորը` երկկողմ քաղաքական, տնտեսական, մշակութային, կրթական եւ գիտական հարաբերությունները զարգացնելու ու խորացնելու ուղղությամբ:
Զրուցակիցներն ընդգծել են առեւտրատնտեսական ոլորտում առկա ողջ ներուժի իրացման անհրաժեշտությունը: Այդ համատեքստում երկուստեք կարեւորվել է այս տարի նոյեմբերին հայ-չեխական գործարար համաժողովի անցկացումը:
Հանդիպմանը քննարկվել են Հայաստանի եվրաինտեգրման գործընթացին առնչվող հարցեր: Տիգրան Սարգսյանը կարևորել է խորը եւ համապարփակ ազատ առեւտրի համաձայնագրի շուրջ ծավալված բանակցությունների մեկնարկը: Միկիսկան շեշտել է, որ «Արեւելյան գործընկերության» ծրագրի շրջանակում Չեխիան պատրաստ է աջակցել Հայաստանում իրականացվող բարեփոխումներին:
Հումանիտար կապերի ամրապնդման առումով` կողմերը ողջունել են Չեխիայի կառավարության կողմից հայաստանցի ուսանողների համար կրթաթոշակային ծրագրի իրականացումը եւ անհրաժեշտ համարել դրա շարունակականության ապահովումը:
Վարչապետ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում Չեխիայի ցուցաբերած հավասարակշռված քաղաքականության եւ Ռամիլ Սաֆարովի արտահանձնումը դատապարտելու համար:




























