Ստամբուլահայ հայտնի լեզվաբան, Taraf թերթի նախկին լրագրող Սեւան Նիշանյանի դեմ Քոզանի (Սիս-խմբ) շրջանի 2 բնակիչներ դատական հայց են ներկայացրել՝ «Մահմեդականների անմեղությունը» սկանդալային ֆիլմի հետ կապված մեկնաբանության համար:

Թուրքական Habervitrin կայքի փոխանցմամբ՝  Սեւան Նիշանյանի դեմ դատական հայց ներկայացրած անձիք լրագրողներին հայտնել են, որ Սեւան Նիշանյանը «Ատելություն սերմանողների դեմ պետք է պայքարել» հրապարակման մեջ վիրավորել է Մուհամեդ Մարգարեին:  «Խոսքի ազատության հետեւում թաքնված Նիշանյանը պետք է մահմեդականներից ներողություն խնդրի»,-ասել են հայցի հեղինակները:

Նշենք, որ Սեւան Նիշանյանի՝ «ֆիլմը անհրաժեշտ է մեկնաբանել խոսքի ազատության համատեքստում» արտահայտությունը խիստ արձագանք է գտել Թուրքիայում: Նիշանյանի կողմից այս տողերը բլոգում գրառելուց հետո նրա դեմ հերթական սպառնալիքների եւ վիրավորանքների տարափն է սկսվել: Սեւան Նիշանյանին հասցրել են քննադատել ստամբուլահայ լրագրողներն ու Պոլսո հայոց պատրիարքարանի ներկայացուցիչը:

Սեւան Նիշանյանն այս սպառնալիքներից եւ քննադատություններից հետո եւս շարունակել է պնդել, որ ինքը ճիշտն է գրել: Թուրքական Radikal-ի հետ զրույցում Նիշանյանը նշել է, թե ճշմարտությունը պետք է ասել առանց նայելու դրա հետեւանքներին:

Հիշեցնենք, որ Սեւան Նիշանյանն իր բլոգում գրել էր, թե շատ վաղուց մահացած անձանց ծաղրից եւ վիրավորանքից պաշտպանող իրավական կետեր չկան:

 «Եթե կարող ես Հուլիոս Կեսարի դեմ ռեպլիկ անել, տրամաբանորեն կարող ես նույնը անել Մուհամեդի կամ Հիսուսի հանդեպ:

Ցավոք սրտի, մահմեդականության հանդեպ իմ հայացքները դրական չեն: Եւ կարծում եմ՝ իմ այդ հայացքները ուզածս վայրում եւ ուզածս լեզվով արտահայտելու ԻՐԱՎՈՒՆՔ ունեմ»,-գրել էր Սեւան Նիշանյանը: