Կասկած չկա, որ Ադրբեջանի նպատակը Լեռնային Ղարաբաղի բանակցությունների գործընթացում իրադրությունը ռազմական միջոցով փոփոխելու փորձն է: Եվ նրանց պլանները զսպող միակ համարժեք մեխանիզմը, դա Հայաստանի զինված ուժերի բարձր մարտունակությունն է: Այս մասին Reuters-ի հետ հարցազրույցում հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:
Նախագահը կոչ է արել միջազգային հանրությանը «հստակ քայլեր» ձեռնարկել ղարաբաղյան հակամարտության կարգավորան խաղաղ լուծման ուղիներ գտնելու համար: Նա նշելէ, որ Ադրբեջանը խախտում է Եվրոպայում սովորական սպառազինության եւ զինված ուժերի մասին պայմանագիրը: Նախագահի խոսքով՝ միջազգային դիտորդները տեղյակ են իրավիճակի մասին, սակայն «դրան զրոյական ռեակցիայով են պատասխանում»:
Սերժ Սարգսյանն արտասահմանյան գործակալությանը հայտնել է, որ կրկին առաջադրելու է թեկնածությունը առաջիկա նախագահական ընտրություններում: Հարցին, թե վստահ է, որ կտեսնի Լեռնային Ղարաբաղի հարցի լուծումը, նա պատասխանել է՝ վստահ եմ: «Ես հուսով եմ, որ երբեք չեմ տեսնի Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմում, ինչը արդեն իսկ հսկայական հաջողություն է»,- ասել է նա:
Reuters-ը նշել է, որ Ադրբեջանը վերջին շրջանում ավելի հաճախակի է սպառնում բռնակցել Լեռնային Ղարաբաղը, սակայն Հայաստանը հայտարարում է, որ դիտորդի դերում չի մնա, եթե Լեռնային Ղարաբաղը հարձակման ենթարկվի:
Reuters-ի կարծիքով՝ այսօր Հայաստանն ու Ադրբեջանը ունեն ավելի հզոր զինատեսակներ, քան քսան տարի առաջ, եւ պատերազմը կարող է կործանարար դառնալ, եթե վնասվեն ադրբեջանական նավթամուղն ու գազամուղը, կամ հայկական ատոմակայանը:





























