«Ակնհայտ է, որ արձանագրությունն անկախ յուրաքանչյուր պետության իրավունքների սահմանափակում է, ու Նիկոլ Փաշինյանը դեմ է քվեարկել պետականության օգտին` հանրապետության անկախության պաշտպանության համար»։ Այդ մասին «168 ժամ» թերթի թղթակցի հետ զրույցում ասել է ԺՀ կուսակցության նախագահ, ՀԱԿ անդամ Պետրոս Մակեյանը` անդրադառնալով ԱԺ-ում «ՀԱՊԿ անդամ պետությունների տարածքում ռազմական ենթակառուցվածքի օբյեկտներ տեղակայելու մասին» միջպետական համաձայնագրի քվեարկությանը, որին կողմ էին քվեարկել ՀԱԿ անդամներ Լյուդմիլա Սարգսյանն ու Գագիկ Ջհանգիրյանը:

««Թե ինչու են մյուս ընկերները կողմ քվեարկել, երեւի իրենց հարցնեք: Բայց ես` որպես ՀԱԿ քաղաքական խորհրդի անդամ, գտնում եմ, որ սխալ են վարվել: Նախ, պետք է փաստաթուղթը քննարկվեր քաղխորհրդում, որովհետեւ որոշում ենք ընդունել, որ օրենսդրական նախաձեռնությունները, փաստաթղթերը, որոնք աշխարհաքաղաքական բնույթի են, պետք է ներկայացվեն ու քննարկվեն դաշինքի խորհրդում: Փաստորեն` շրջանցվել է քաղխորհրդի որոշումն, ու քվեարկել են այնպես, ինչպես իրենք ցանկացել են»,- ասել է նա:

Հարցին`Դուք դե՞մ եք արձանագրության ընդունմանը, Պ. Մակեյանը պատասխանել է. «Մենք կողմ ենք մեր հանրապետության պետականության անկախությանը: Կարծում եմ, ովքեր կողմ են քվեարկել, դեմ են քվեարկել անկախությանը»: Դիտարկմանը, թե, փաստորեն, անկախությանը դեմ քվեարկած պատգամավորների թվում են նաեւ Լ. Սարգսյանը եւ Գ. Ջհանգիրյանը, Պ.Մակեյանն արձագանքել է. «Երեւի կամ խորությամբ չեն ընկալել փաստաթղթի իմաստը, կամ էլ քվեարկել են այնպես, որտեղից «քամին փչել է»: Նա ավելացրել է, որ այս քվեարկությամբ խախտվել է նաեւ ՀԱԿ քաղխորհրդի որոշումը, որի համաձայն` ցանկացած օրենսդրական նախաձեռնություն քվեարկությունից առաջ պետք է քննարկվի Քաղխորհրդում` միասնական տեսակետ արտահայտելու համար»,- գրում է «168 ժամը»: