Հյուսթոնի դատարանը հսկողության տակ է պահում Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի քաղաքացի Ալեքսանդր Պոսոբիլովին` ռազմական տեխնոլոգիաներն ապօրինաբար Ռուսաստան արտահանելու գործի մեղադրյալներից մեկին: Ըստ դատավորի` Պոսոբիլովի գրավի դիմաց ազատման դեպքում վտանգ կար, որ նա կլքի ԱՄՆ-ն, հայտնում է «Ազատություն» ռադիոն:
Ավելի վաղ դատարանը 250 հազար դոլար գրավի դիմաց ազատել էր գործի մասնակցուհիներից մեկին: Գործակալությունն այդ կնոջ քաղաքացիությունը եւ անունը չի ճշտում:
Հիշեցնենք, որ միկրոէլեկտրոնիկայի դետալների ապօրինի արտահանման մեղադրանքով Հյուսթոնում ձերբակալվել էին ութ մարդ, այդ թվում 4 ռուսներ` Ալեքսանդր Ֆիշենկոն, Ալեքսանդր Պոսոբիլովը, Վիկտորյա Կլեբանովան եւ Անաստասիա Դյատլովան: Բոլորը Ֆիշենկոյի գլխավորած Arc Electronics ընկերության աշխատակիցներ են:
Ինչպես AP-ին վկայակոչելով հայտնում է «lenta.ru»-ն, Հյուսթոնի դատարանը Ալեքսանդր Ֆիշենկոյի նկատմամբ խափանման միջոցի որոշումը մի քանի օրով հետաձգել է: Ըստ մեղադրող կողմի վարկածի` Ֆիշենկոն եւ նրա աշխատակիցները Arc Electronics-ի միջոցով Ռուսաստան են արտահանել միկրոէլեկտրոնիկայի դետալեր, որոնք կարող են օգտագործվել ռազմական արդյունաբերությունում, եւ որոնց արտահանումն ԱՄՆ-ից կարելի է միայն հատուկ լիազորագրի առկայության դեպքում, որն ընկերությունը չուներ: Բոլոր կասկածյալներն ընդունել են իրենց մեղքը:
Սկզբնապես ամերիկյան լրատվամիջոցներում այս գործի մասնակիցներն անվանվում էին «ռուս լրտեսներ»: Սակայն նրանց լրտեսության մեղադրանք չի առաջադրվել:
Ինչպես հաղորդել էր NEWS.am-ը, Բրուքլինի դատախազությունը 11 հոգու մեղադրանք է ներկայացրել ռազմական տեխնոլոգիաներն ապօրինաբար Ռուսաստան արտահանելու համար: Մեղադրյալների ցուցակում են`46-ամյա Ալեքսանդր Ֆիշենկոն, 34-ամյա Շավկաթ Աբդուլաեւը, 36-ամյա Յուրի Սավինը, 58-ամյա Լյուդմիլա Բաղդիկյանը, 38-ամյա Անաստասիա Դյատլովան, 37-ամյա Վիկտորյա Կլեբանովան, 44-ամյա Սերգեյ Կլինովը, 58-ամյա Ալեքսանդր Պոսիբիլովը, Դմիտրի Շեգուրովը, 32-ամյա Սվինջ Թաղիեւան եւ 31-ամյա Սվետլանա Զագոնը: Պատասխանատվության ենթակա են նաեւ Թեքսաս նահանգում գրանցված Arc Electronics Inc եւ ՌԴ-ում գրանցված Apex System ընկերությունները:
Քննության տվյալներով` դրանց հիմնադիրը Ա. Ֆիշենկոն է: Դատախազության համաձայն` գործի մասնակիցները մեղադրվում են կառավարական խիստ վերահսկողության տակ գտնվող միկրոէլեկտրոնիկայի դետալներ արտահանելու մեջ, որոնք կարող են կիրառվել ռազմական շատ համակարգերում:
Մեղադրանք են ներկայացրել բոլոր 11 կասկածյալներին, նրանցից 8-ը ձերբակալված են:




























