Այս շաբաթվա սկզբին անձեռնմխելիությունից զրկված ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանին ներկայացվելիք մեղադրանքն արդեն պատրաստ է, վաղը կամ ամենաուշը երկուշաբթի կուղարկվի Օսկանյանին: Այդ մասին գրում է «Հայկական ժամանակ» թերթը։

«ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի մամուլի խոսնակ Սոնա Տռուզյանը երեկ այս տեղեկությունը պաշտոնապես չհաստատեց: Իսկ հարցին, թե ինչո՞ւ Օսկանյանի մեղադրանքը չի ներկայացվում` այն դեպքում, երբ գլխավոր դատախազը ԱԱԾ-ում հարուցված փողերի լվացման գործում նրան որպես մեղադրյալ ներգրավելու համար դիմել, էր ԱԺ-ին, եւ հնարավո՞ր է, որ այդ մեղադրանքն այդուամենայնիվ, չառաջադրվի, Տռուզյանը պատասխանեց. «Ազգային ժողովի նիստի սղագրությունը եւ Օսկանյանի տրամադրած փաստաթուղթը կցվել են գործին, կատարվում է համալիր քննություն, եւ նախաքննական մարմնի գործողությունների մասին ձեզ պատշաճ կարգով կիրազեկենք»»,- գրում է «Հայկական ժամանակը»: