ՆՏՎ-ի եթերում հոկտեմբերի 5-ի երեկոյան ցուցադրված «Բողոքի անատոմիա-2» ֆիլմը բուռն արձագանք է առաջացրել ռուսական հանրության շրջանում: Շատ փորձագետներ հայտարարել են, որ  հատուկ ծառայությունները եւ իրավապահ մարմինները պետք է ստուգեն ֆիլմի բովանդակությունը, իսկ ընդդիմադիրները հերքել են արտասահմանից գումար ստանալու եւ իշխանության բռնազավթում իրականացնելու մասին տեղեկատվությունը: 

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, ֆիլմի գլխավոր հերոսներն են «Ձախ ճակատի» համակարգող Սերգեյ Ուդալցովը եւ Վրաստանի խորհրդարանի պաշտպանության եւ անվտանգության հանձնաժողովի ղեկավար Գիվի Թարգամաձեն: Ֆիլմում վերջինիս անվանում են «գունավոր հեղափոխությունների կոնստրուկտոր»:  Ըստ սյուժեի՝ Ուդալցովը եւ Թարգամաձեն իշխանության բռնազավթման մասին բանակցություններ են վարել ռուսական մի շարք քաղաքներում, մասնավորապես՝ Կալինինգրադում եւ Վլադիվոստոկում:

Նոր ֆիլմը «Բողոքի անատոմիա» ֆիլմի շարունակությունն է, որն այս տարվա գարնանը մեծ աղմուկ էր հարուցել: Առաջինի հեղինակները պնդում էին, որ  ընդդիմությունն իր համախոհներին փողոց է հանում գումարի դիմաց, իսկ նրանց ակցիաներն էլ ֆինանսավորում են արեւմտյան երկրները:

Պետդումայի անվտանգության հանձնաժողովի ղեկավար Իրինա Յարովայան հայտարարել է, որ ֆիլմում բողոքի ակցիայի կազմակերպիչների վերաբերյալ տեղեկությունները պետք է ճշտվեն: Ըստ նրա` ֆիլմի հերոսները ոչ քաղաքական գործիչներ են, ոչ էլ ընդդիմադիրներ, այլ սովորական հանցագործներ:

«Ֆիլմի հերոսների գործողություններն արհամարհելը պարզապես վտանգավոր կլիներ: Քանի որ խոսքը բռնության հրահրման, գրոհայինների պատրաստման եւ սադրանքի մասին է»,- «ՌԻԱ Նովոստիին» ասել է «Եդինայա Ռոսիա»  խմբակցության ղեկավար Անդրեյ Վորոբյովը: 

ՌԼԴԿ-ում պահանջում են  արագ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանում հեղափոխության կանխարգելման նպատակով: Նշվում է, որ կուսակցությունը հակված է ֆիլմի հայտնած տեղեկատվությանը հավատալուն:
Ուդալցովն անձամբ «ՌԻԱ Նովոստիին» հայտնել է, որ  ֆիլմը չի դիտել, սակայն հերքել է արտասահմանից գումար ստանալու եւ իշխանության բռնազավթման մտադրություն ունենալը: