Իսլամիստ Աբու Համզան եւ ահաբեկչական գործողությունների եւս  4 կասկածյալներ Մեծ Բրիտանիայից արտահանձնվել են ԱՄՆ: Այդպիսով վերջակետ է դրվել 10 տարի ձգվող դատավարությանը:

Լոնդոնյան մզկիթի նախկին իմամը եւ եւս 4 մարդ հոկտեմբերի 6-ի գիշերը բրիտանական ռազմակայանի տարածքից տեղափոխվել են ԱՄՆ: ԱՄՆ-ն պահանջել էր Համզայի արտահանձնումը՝ նրան մեղադրելով ահաբեկչական գործողությունների մեջ:

Հոկտեմբերի 5-ին հաղորդվել էր, որ  բրիտանական Գերագույն դատարանը թույլատրել էր արտահանձնել մահմեդական արմատական քարոզիչ Աբու Համզային եւ եւս 4 հոգու, գրում է «Ռոսբալտը»`վկայակոչելով AP-ին:

Ամերիկյան իշխանությունները 1999-2006 թթ. մեղադրանք էին ներկայացրել ենթադրյալ ահաբեկիչներին:  Աբու Համզային առաջադրվել էր 11 մեղադրանք, այդ թվում նաեւ Եմենում 1998 թվականին գերիներ պահելու մեջ, 2001 թվականին Աֆղանստանի սրբազան պատերազմի քարոզչության, ինչպես նաեւ  ամերիկյան Օրեգոն նահանգում ահաբեկչական ճամբար կազմակերպելու նպատակով հանցախմբում մասնակցության համար:

Ահաբեկչության կասկածյալները ձերբակալվել էին 2004-2005 թթ. Մեծ Բրիտանիայում: Բողոքարկման նրանց փորձերը մերժվել էին 2007 եւ 2009թթ.-ին: