Նստակյաց մարդիկ երիկամային քրոնիկ հիվանդության բարձր ռիսկայնության գոտում են, կարծում են անգլիացի գիտնականները։ Նրանք ուսումնասիրել են 40-75 տարեկան 5 հազար կամավորների։ Պարզվել է, 3 ժամից քիչ նստող կանանց շրջանում հիվանդանալու վտանգը 30%-ով քիչ է՝ համեմատած 8 ժամից ավելի նստողների հետ։ Տղամարդկանց դեպքում ռիսկը նվազ է 15%-ով, գրում է HealthDay News-ը։

Գիտնականները մտադիր են առաջիկայում պարզել նստակյացության եւ երիկամային քրոնիկ հիվանդության զարգացման պատճառահետեւանքային կապը։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են American Journal of Kidney Diseases ամսագրում։

Ինչպես հայտնում է rbc-ն, ավելի վաղ գիտնականները պարզել էին, որ 7 ժամից ավելի նստած անցկացնող կանանց մոտ ավելի հաճախ է դիաբետ առաջանում, քան առավել ակտիվ կենսակերպ ունեցողների։ Արեւմտյան Ավստրալիայի համալսարանի մասնագետները պնդում են, որ գրասենյակային նստած աշխատանք կատարողների մոտ 10 տարի հետո կրկնակի հաճախ է աղիքային քաղցկեղ առաջանում։