«Վրացական երազանքի» առաջնորդ Բիձինա Իվանիշվիլին գործարարներին խոստացել է իշխանության գալուն պես Ռուսաստանի հետ առեւտրային հարաբերությունները վերականգնել առանց նախապայմանների։ Այդ մասին նա հայտարարել է հոկտեմբերի 5-ին գործարարների հետ հանդիպման ընթացքում։

«Ռուսաստանում չեմ եղել 10 տարի, վաճառել եմ այնտեղի ամբողջ գույքս, սակայն միշտ ասել եմ եւ այժմ էլ կկրկնեմ, որ հավատում եմ մեր առեւտրային եւ մշակութային հարաբերությունների արագ վերականգնմանը... Այդ գործընթացը փակուղի է հասել մեր գործող իշխանության շնորհիվ։ Ռուսաստանի հետ առեւտրային եւ մշակութային հարաբերությունների վերականգնումը կսկսենք իշխանության գալուն պես՝ առանց նախապայմանների... Կարծում եմ, Ռուսաստանին եւս ձեռնտու չէ հարաբերությունների ներկա վիճակը», - նշել է  Բիձինա Իվանիշվիլին, գրում է Interpressnews-ը։

Նա ընդգծել է, որ եթե ամեն ինչ հարթ ընթանա, միանգամայն հնարավոր է, որ Վրաստանն արդեն այս տարի Ռուսաստանին ցիտրուսային մրգեր վաճառի, հայտնում է «Նովոստի-Գռուզիան»։

Վրաստանից դեպի Ռուսաստան ցիտրուսների, գինու եւ «Բորժոմի» հանքային ջրի մատակարարումներն ընդհատվել էին 2006թ.-ից՝ ռուս-վրացական հարաբերությունների սրման արդյունքում։

Հիշցնենք, Բիձինա Իվանիշվիլիի «Վրացական երազանքը» հաղթել է Վրաստանի հոկտեմբերի 1-ի խորհրդարանական ընտրություններում։ Գործող նախագահի «Միասնական ազգային շարժումը» դարձել է ընդդիմություն։ Կառավարության նոր կազմն Իվանիշվիլին խոստացել է ներկայացնել հոկտեմբերի 8-ին։