Թուրքական զինված ուժերի հրետանային մարտկոցները հոկտեմբերի 6-ի առավոտյան կրկին հրետակոծել են Սիրիայի տարածքը:

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ թուրքական կողմը պնդել է, թե հոկտեմբերի 6-ի առավոտյան Սիրիական կառավարական զորքերը Ազատ Սիրիայի բանակի հետ բախումների ժամանակ արձակել են հրետանային արկեր, որոնցից մեկը հայտնվել է Թուրքիայի Հաթայ նահանգի գյուղերից մեկում, որին ի պատասխան թուրքական կողմը հրետակոծել է սիրիական թիրախները:

Նշենք, որ հոկտեմբերի 5-ին Թուրքական կողմը նույն պատճառաբանությամբ հարվածել էր Սիրիայի տարածքներին:

Ավելի վաղ՝  հոկտեմբերի 3-ին, 15:30- ին Աքչաքալեյի այգիներից մեկում եւ 16:25-ին Աքչաքալեյի բանուկ փողոցներից մեկում հրետանու արկեր են ընկել, որոնք ըստ թուրքական լրատվամիջոցների պնդումների, արձակվել են Սիրիայի տարածքից:

Երկրորդ արկի պայթյունից հետո, երբ մահացել է 5 հոգի, Աքչաքալեյի բնակիչները հարձակվել են  շրջանի կառավարական առաձնատան վրա: Ոստիկանությունը բնակիչների դեմ կիրառել է արցունքաբեր գազ եւ ջրցան մեքենաներ:

Այս միջադեպի հաջորդ օրը Թուրքիայի խորհրդարանն ընդունեց անդրսահմանային ռազմական գործողությունները թույլատրող օրինագիծը, ինչը թուրքական հասրակության մեջ միանշանակ չընդունվեց: