Ընդդիմությունը «Բողոքի անատոմիա-2» ֆիլմում նկարագրված ուժային գործողությունների ծրագիր չունի։ Այդ մասին «Էխո Մոսկվայի» կայքի բլոգում գրել է «Ձախ ճակատի» համակարգող Սերգեյ Ուդալցովը։
«Ստիպված եմ վշտացնել ուլտրաարմատական համաքաղաքացիներին. Ձմեռային պալատի վրա հարձակում առայժմ չի նախատեսվում։ Նաեւ ցանկանում եմ հանգստացնել պատմական ժառանգության պաշտպաններին՝ Իվան Մեծի զանգակատանը ոչինչ չի սպառնում»,- գրել է Ուդալցովը, հաղորդում է «Ռոսբալտը»։
«Ուդալցովին արտաքնապես նման մարդու մասնակցությամբ մի քանի մշուշոտ կադրերի վրա հիմնվելով խռովություն եւ քիչ է մնում «համաշխարհային հեղափոխություն» կազմակերպելու մեջ մեղադրելը, ներեցեք, մանկապարտեզ է», - նշել է «Ձախ ճակատի» համակարգողը։
Հիշեցնենք, «Բողոքի անատոմիա-2» ֆիլմը հոկտեմբերի 5-ի երեկոյան ցուցադրել է ՆՏՎ-ն։ Ֆիլմում կադրեր են եղել, որոնցում ռուս ընդդիմադիրները զրուցում են Վրաստանի խորհրդարանի պաշտպանության եւ անվտանգության հանձնաժողովի ղեկավար Գիվի Թարգամաձեի հետ: Վերջինիս մասին նշվում է, որ Վրաստանում եւ Ուկրաինայում «գունավոր հեղափոխությունների», նաեւ՝ Բելառուսի զանգվածային անկարգությունների պատրաստման փորձ ունի։
«Եդինայա Ռոսիայի» գլխավոր քարտուղարի տեղակալ Սերգեյ Ժելեզնյակը մտադիր է իրավապահ մարմիններ դիմել «Բողոքի անատոմիա-2» ֆիլմի հերոսի փախուստը կանխելու պահանջով։ ՌԼԴԿ-ի առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին կոչ է արել ձերբակալել Ուդալցովին։




























