Կալինինգրադում ուժեղ քամին առանց էլեկտրականության է թողել 54,7 հազար մարդու։ Էլեկտրագծերի վթարը տեղի է ունեցել հոկտեմբերի 6-ի վաղ առավոտյան։ Վթարի հետեւանքների վերացմամբ 15 ջոկատ է զբաղվում։

Շարքից հանվել են 40-ից ավելի բարձրվոլտանոց գծեր, ինչպես եւ 110 կՎտ հզորությամբ երեք ենթակայաններ։ Արդյունքում Կալինինգրադի 83 բնակավայրերում 433 տրանսֆորմատորային ենթակայաններ հոսանքազրկվել են։

Նախօրեի երեկոյան փրկարարները բնակիչներին զգուշացրել էին ուժեղ քամու մասին, որի պոռթկումները հասնում էին 20-25 մ/վ-ի։ Այդ կապակցությամբ ԱԻՆ-ից զգուշացրել էին մեքենաները չկայանել ծառերի տակ, փոքր նավերով ծով դուրս չգալ եւ առանց ծայրահեղ անհրաժեշտության դուրս չգալ։ Այսօր ցերեկը տարերքի հետեւանքով 2 մարդ զոհվել են՝ մնալով տապալված ծառերի տակ, հաղորդում է utro.ru-ն։

Պատահարներից մեկը տեղի է ունեցել Կալինինգրադ-Բալտիյսկ ավտոմայրուղում, որտեղ ընթացող ավտոմեքենայի վրա ծառ է ընկել, ինչի արդյունքում վարորդը մահացել է։ Փրկարարները ստիպված են եղել հատուկ միջոցներ կիրառել զոհին մեքենայից դուրս բերելու համար։

Իսկ Զելենոդոլնոյե բնակավայրում ծառն ընկել է ավտոճանապարհին գտնվող 20-ամյա աղջնակի վրա, ինչի արդյունքում վերջինս մահացել է։

Ներկա պահին մոտ 24 հազար մարդ առանց էլեկտրականության են մնացել։