Հայաստանը կձգտի հրաշալի հարաբերություններ հաստատել Վրաստանի հետ: Այս մասին հայտնել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը` Աղավնաձորում տեղի ունեցած հայ լրագրողների մասնակցությամբ Համահայկական 6-րդ համաժողովի մասնակիցների հետ հանդիպման ժամանակ:

Ինչպես NEWS.am-ին հաղորդել են կառավարության մամուլի ծառայությունից, վրացի լրագրողներից մեկի հարցին վարչապետը պատասխանել է. «անկախ այն բանից, թե ով կլինի Վրաստանի կառավարության ղեկին, Հայաստանը ամեն ինչ կանի, որպեսզի երկկողմ հարաբերությունները հրաշալի լինեն»:

«Մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի մեր հարաբերությունները Վրաստանի հետ շատ լավ լինեն` անկախ այն բանից, թե քաղաքական ինչպիսի ուժ կգլխավորի  Վրաստանի կառավարությունը: Մենք հարգում ենք վրացի ժողովրդի որոշումը եւ պետք է շատ լավ հարաբերություններ կառուցենք Վրաստանի հետ»,-հայտնել է Տիգրան Սարգսյանը:

Հիշեցնենք, որ Վրաստանում տեղի ունեցած խորհրդարանական վերջին ընտրություններում հաղթել է «Վրացական երազանք» կոալիցիան: