Հռոմի պապի սենեկապետին, որը մեղադրվում էր Սրբազան գահից փաստաթղթեր գողանալու մեջ, 1.5 տարվա ազատազրկման են դատապարտել։ Ներկայացված մեղադրանքներով Պաոլո Գաբրիելեին մինչեւ չորս տարվա ազատազրկում էր սպառնում, սակայն դատարանն առավել մեղմ վճիռ է կայացրել՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Գաբրիելեն ավելի վաղ ներողություն էր խնդրել Պապից: Գաբրիելեն պետք է վճարի նաեւ դատական ծախսերը։
Հիշեցնենք, Գաբրիելեի նկատմամբ դատական գործընթացն սկսվել էր սեպտեմբերի 29-ին։ Դատարանի առջեւ կանգնել էր նաեւ նրա հանցակիցը` Վատիկանի պետական քարտուղարության վերլուծաբան եւ ծրագրավորող Կլաուդիա Սկիարպելետին:
Պաոլոյի տանը հայտնաբերվել էին գաղտնի փաստաթղթերով մի քանի արկղեր։ Նա գաղտնի փաստաթղթեր էր փոխանցել իտալացի լրագրող Ջանլուիջի Նուցիին, որը դրանց հիման վրա գիրք է հրատարակել «Նորին Սրբազանություն. Բենեդիկտոս 16-րդի գաղտնի նամակները» վերնագրով։ Գիրքը լույս է տեսել 2012թ. մայիսին Վատիկանում, դրանում պատմվում են կարդինալների ներքին հակասությունների եւ Սրբազան գահի գիտությամբ կատարվող կասկածելի գործարքների մասին։
Դատական նիստում Գաբրիելեն հայտարարել է, որ գործել է Հռոմի կաթոլիկական եկեղեցու հանդեպ սիրուց դրդված եւ իրեն գող չի համարում։





























