Ռուս կոմունիստները թերահավատորեն են վերաբերվում «Բողոքի անատոմիա-2» ֆիլմին։ ՌԴԿԿ-ում կարծում են, որ եթե դա ճիշտ լիներ, Ձախ ճակատի» համակարգող Սերգեյ Ուդալցովով արդեն կզբաղվեին իրավապահները։

Կոմկուսի Կենտկոմի քարտուղար, Պետդումայի պատգամավոր Սերգեյ Օբուխովը «ՌԻԱ Նովոստիին» հայտնել է, որ իր կարծիքով դա «սարքած է»։

«Երբ ապացույցներ կան, նրանց կանչում են իրավապահ մարմիններ։ Երբ չկան, շոու են նկարահանում», - ասել է Օբուխովը եւ առաջարկել սպասել Քննչական կոմիտեի կողմից ֆիլմում առկա փաստերի ստուգմանը։ Ըստ նրա՝ արդյունքները զրոյական կլինեն, գրում է «ՌԻԱ Նովոստին»։

«Ես իշխանություններին խորհուրդ չէի տա ապակայունացնել իրավիճակը», - նշել է կոմունիստը։

Հիշեցնենք, ֆիլմի գլխավոր հերոսները «Ձախ ճակատի» համակարգող Սերգեյ Ուդալցովն ու Վրաստանի խորհրդարանի պաշտպանության եւ անվտանգության հանձնաժողովի ղեկավար Գիվի Թարգամաձեն են։ Վերջինս իբր զբաղվում է Ռուսաստանում բողոքի ցույցերի ակտիվ աջակցությամբ։ Ֆիլմում նրա մասին նշվում է, որ Վրաստանում եւ Ուկրաինայում «գունավոր հեղափոխությունների», նաեւ՝ Բելառուսի զանգվածային անկարգությունների պատրաստման փորձ ունի։ Հեռախոսազրույցներից մեկում Թարգամաձեն զրուցակցին խորհուրդ է տալիս գրավել Իվան Մեծի զանգակատունը։

«Եդինայա Ռոսիայի» գլխավոր քարտուղարի տեղակալ Սերգեյ Ժելեզնյակը մտադիր է իրավապահ մարմիններ դիմել «Բողոքի անատոմիա-2» ֆիլմի հերոսի փախուստը կանխելու պահանջով։ ՌԼԴԿ-ի առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին կոչ է արել ձերբակալել Ուդալցովին։ Ուդալցովն ինքը ֆիլմի եզրահանգումներն անվանել է «մանկապարտեզ» եւ հայտարարել, որ Ձմեռային պալատի վրա հարձակում առայժմ չի նախատեսվում։