Ռուսաստանի ԱԳՆ-ն ողջունում է սիրիական Հալեպ քաղաքի հոկտեմբերի 3-ի  ահաբեկչություններին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արձագանքը։

«ՄԱԿ-ի ԱԽ-ն Ռուսաստանի նախաձեռնությամբ վերջապես արձագանքեց Սիրիայի ահաբեկչություններին։ Այդ երկրի բարդ դրությունը անկողմնակալ գնահատական է պահանջոււմ», - Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ՌԴ փոխարտգործնախարար Գենադի Գատիլովը, հայտնում է «Ռոսբալտը»։

Ինչպես հաղորդում է «Կոմսոմոլսկայա պրավդան», հոկտեմբերի 5-ին ՄԱԿ-ի  Անվտանգության խորհուրդը սիրիական Հալեպ քաղաքում ահաբեկչությունները դատապարտող հռչակագիր է ընդունել եւ անկեղծ ցավակցություն հայտնել զոհվածների ընտանիքներին։ Փաստաթղթում ասվում է, որ ահաբեկչական  ցանկացած գործողոթյուն հանցավոր է եւ արդարացում չունի։

 «Անվտանգության խորհրդի անդամները հաստատել են ահաբեկչության բոլոր դրսեւորումների դեմ պայքարին հավատարմությունը՝ ՄԱԿ-ի կանոնադրությանը համապատասխան», - ասվում է Ռուսաստանի ԱԳՆ-ի փաստաթղթում։

Ինչպես հայտնել էր NEWS.am-ը, Հալեպում հոկտեմբերի 3-ին երեք պայթյուններ էին որոտացել, որոնք հանգեցրել էին 31 մարդու մահվան։ Տասնյակ մարդիկ վիրավորվէլ էին, շրջակա շինություններին նյութական զգալի վնաս էր հասցվել։