Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ՆՏՎ հեռուստաալիքով «Կենտրոնական հեռուստատեսություն» ծրագրի հատոկ թողարկման ժամանակ հայտարարել է, որ Pussy Riot խմբի աղջիկների նկատմամբ կայացված դատավճիռը արդար է համարում:
Նախագահը նշել է, որ սկզբնապես աղջիկների ակցիան իր դեմ ուղղված չի եղել, հաղորդում է «Ինտերֆաքսը»:
«Իրականում արդար է, որ նրանց ձերբակալել են, եւ դատարանը ճիշտ որոշում է կայացրել» – հայտարարել է նախագահը, հաղորդում է «gazeta.ru»-ն: «Ես այստեղ կապ չունեմ, նրանք դա ուզում էին եւ ստացան», – եզրափակել է Պուտինը:
Բացի դրանից, նախագահը համոզմունք է հայտնել, որ իրեն աջակցում է ռուսների մեծամասնությունը:
Հարցազրույցում Պուտինը նաեւ հայտարարել է, որ ընդդիմությունում հեռանկարային դեմքեր չի տեսնում: Ըստ նրա` ընդդիմության առաջնորդներ կարող են լինել գործի մարդիկ, իսկ ամբիոնից բարձրաձայն քննադատելը դեռ բավական չէ, կարծում է նախագահը, հաղորդում է «Նովի ռեգիոնը»:
Պուտինը նաեւ հայտարարել է, որ իր համար դժվար չի լինի փոխանցել իշխանությունը, երբ գա պաշտոնից հեռանալու ժամանակը: Նա նաեւ հիշեցրել է, որ 2008 թվականին արդեն հեռացել էր նախագահի պաշտոնից, եւ վստահեցրել, որ իրականում ինքը չէր երկրի իրական կառավարողը:
Պուտինը նաեւ դեմ չէ, որ Միխայիլ Խոդորկովսկին վաղաժամկետ ազատ արձակվի, եթե դա չլինի «ի վնաս կարգուկանոնի», հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
«Վլադիմիր Պուտինը կարելի է բռնեցնել ստախոսության մեջ», - «Կոմերսանտ» հրատարակչությանն է հայտնել Քաղաքական տեխնոլոգիաների կառավարման կենտրոնի ղեկավար Բորիս Մակարենկոն: Հենց «Պուտինի օրոք է ամեն ինչ արվել, որպեսզի ընդդիմության առաջնորդները ոչ մի բանի վրա ազդել չկարողանան. նրանց միայն մի բան է մնացել` գոռգոռալ փողոցներում»:
Ըստ Բորիս Մակարենկոյի`«Կենտրոնական հեռուստատեսությամբ» ցուցադրել են «թոշակառուի տարիքի հասած դասական Պուտինին»:




























