Լիբիայի Համազգային կոնգրեսը (խորհրդարան) հոկտեմբերի 7-ին պաշտոնից ազատել է երկրի վարչապետ Մուստաֆա Աբու Շագուրին` կրկին անգամ մերժելով կառավարության կազմը: Ավելի վաղ հաղորդվել էր, որ Շագուրը ներկայացրել է նոր կազմը այն բանից հետո, երբ երկրի խորհրդարանը չի հաստատել նախարարների թեկնածուների նախկին ցուցակը:

Ինչպես հաղորդում է «Ռոսբալտը», վկայակոչելով Reuters-ը, նա ներկայացրել է 10 նախարարների թեկնածուներ, այդ թվում ԱԳՆ-ի, արդարադատության եւ պաշտպանության նախարարների պաշտոնների համար:  Այս ցուցակը այժմ պետք է հաստատվեր խորհրդարանի կողմից: Ավելի վաղ` հոկտեմբերի 5-ին  Լիբիայի կառավարության ղեկավար Աբու Շագուրը ետ է կանչել նոր գրասենյակի նախարարների ցուցակը, որը նրա կողմից ներկայացրվել էր խորհրդարանի հաստատմանը: Հանրային հեռուստաընկերության եթերով վարչապետը հայտնել է, որ նպատակ ունի փոփոխություններ մտցնել փաստաթղթի մեջ եւ նոր ցուցակը ներկայացնել հոկտեմբերի 7-ին:

Ավելի վաղ NEWS.am-ը հաղորդել էր, որ Լիբիայում վարչապետ Մուսթաֆա Աբու Շագուրի առաջարկած նոր կառավարության կազմից դժգոհ ցուցարարները` մոտ 150 մարդ, ներխուժել են Տրիպոլիում գտնվող խորհրդարանի շենք:

Ինչպես հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, նրանք քիչ անց լքել են նիստերի դահլիճը, բայց ցույցը շարունակել են շենքի մոտ: Արդյունքում ապագա նախարարների թեկնածությունների քննարկմանը նվիրված նիստը հետաձգվել է մինչեւ երեկո:

Ցուցարարների կարծիքով` կառավարությունը ձեւավորվել է գաղափարական սկզբունքով եւ չի արտացոլում լիբիական շրջանների բնակչության շահերը:

Ցուցարարների մեծամասնությունը նավթային Էզ Զավիա քաղաքից են: Նրանք Կենտրոնական իշխանություններին նավթի նախարարի իրենց թեկնածուին էին առաջարկել, սակայն այդ պաշտոնում այլ թեկնածու էր առաջադրվել: Արդյունքում Էզ Զավիայում ամբողջ գիշեր ցույց էր ընթացել:

Կառավարության քննարկվող կազմում «Մահմեդական եղբայրներ» կազմակերպության երկու ներկայացուցիչներ կան: Սակայն բացակայում են «Ազգային ուժերի միության» ներկայացուցիչները, որի առաջնորդը անցումային կառավարության նախկին ղեկավար Մահմուդ Ջաբրիլն է: