Ռուսական պետական  «Առաջին ալիքի» «Կիրակնօրյա ժամ» տեղեկատվական-վերլուծական հաղորդման ժամանակ թողարկում է ցուցադրվել Վրաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վերաբերյալ:  

Կար ժամանակ, երբ Վրաստանում նրան աստվածացնում էին, հետո` մի փոքր ատում, իսկ այժմ Սահակաշվիլիի վրա պարզապես ծիծաղում են: Նշում է Վրաստանից ժամանած «Առաջին ալիքի» թղթակիցը: Թողարկումն սկսվում է «Դե, ցտեսություն» տեսահոլովակի ցուցադրումից` այս անգամ արդեն նվիրված Սահակաշվիլիին:

Այնուհետեւ, խոսելով ավարտված ընտրությունների արդյունքների մասին, «Առաջին ալիքը»  հաստատում է. «Իշխանության է գալիս ընդդիմությունը, նա ունի 55%, իսկ իշխող կուսակցությունը` 40: Հավանաբար Սահակաշվիլիի կուսակցությունը տանուլ է տվել հեռուստաալիքներում  Վրաստանի բանտերի բռնությունների ցուցադրումից հետո:  Միխայիլ Սահակաշվիլիի լիազորություններն ավարտվում են մեկ տարի անց: Նա այլեւս չի կարող վերընտրվել, սակայն արդեն հասցրել է փոխել Սահմանադրությունը: Եւ հենց մեկ տարի անց Վրաստանը դառնում է  խորհրդարանական պետություն` վարչապետի գլխավորությամբ»:

Այնուհետեւ սյուժեում  հայտնվում են  մի քանի հարցվողներ, որոնք պնդում են, որ «դա մեծ հաղթանակ է, դա ազատություն է Վրաստանի համար, բոլորի համար»: 

Ընտրություննրի խախտումների  մասին փոքր պատմությունից հետո` «Առաջին ալիքը» ներկայացրել է «Վրացական երազանքի» հաղթող առաջնորդ Բիձինա Իվանիշվիլիին: Սկզբում պատմվում է նրա բարեգործության, այնուհետեւ` Ռուսաստանի հանդեպ նրա դիրքորոշման մասին: 

«Առաջին ալիքի» սյուժեն ավարտվում է այն եզրահանգմամբ, որ Վաշինգթոնը եւս չի պատրաստվում փրկել Միխայիլ Սահակաշվիլիին, առավել եւս, որ իր առաջին այցը Իվանիշվիլին կատարելու է ԱՄՆ: