«Գոսպոտրեբնադզոր»-ի ղեկավար, պետական սանիտարական գլխավոր բժիշկ Գենադի Օնիշչենկոն հայտարարել է, որ դեռեւս մտադիր չէ վերացնել վրացական գինին Ռուսաստան մատակարարելու արգելքը, ասել է նա «Ինտերֆաքս» գործակալությանը: Մոսկվայում հոկտեմբերի 8-ին տեղի կունենա հանդիպում վրացական գինեգործության ներկայացուցիչների հետ:
Ավելի վաղ նա հայտարարել էր, որ ռուսական շուկա վրացական գինու եւ հանքային ջրի վերադարձին արգելում է Թբիլիսիի դիրքորոշումը, նշում է «gazeta.ru»-ն: Միխայիլ Սահակաշվիլին էլ պնդում էր, որ «Գոսպոտրեբնադզոր»-ի գործողությունները քաղաքական ենթատեքստ ունեն:
«Vesti.ru»-ի թողարկման մեջ նշվում է, որ հիմնական գործընկերոջ կորուստը վրացական գինեգործներին ստիպել է վերանայել որակի չափանիշները:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 1-ին Վրաստանի խորհրդարանական ընտրություններին հաղթել է ընդդիմադիր կոալիցիան` միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի գլխավորությամբ: Վրաստանի գործարար շրջանակների հետ հոկտեմբերի 5-ին հանդիպման ժամանակ նա խոստացել էր վերականգնել առեւտրային եւ մշակութային կապերը Ռուսաստանի հետ:





























