ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանի դեմ հարուցված քրեական գործը եւ անձեռնմխելիությունից զրկելն անզեն աչքով էլ երեւում է, որ քաղաքական հետապնդում է: Այս մասին, այսօր` հոկտեմբերի 8 հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց «Հանրապետություն» կուսակցության անդամ Սուրեն Աբրահամյանը, հավելելով, որ, որ մարդկայնորեն նույնիսկ կարեկցում է նրան: Սակայն հիշեցնելով 2008 թվականի մարտի մեկի իրադարձությունները, նա ասաց, թե թող Օսկանյանն իր կաշվի վրա զգա այն ամենն ինչ իրենք են զգացել: «Վարդան Օսկանյանը զոհն է Ռոբերտ Քոչարյանի ստեղծած համակարգի` Պողոս Պողոսյան, Կուկու եւ այլն»,- ավելացրեց Սուրեն Աբրահամյանը:
Հարցին, թե ո՞րն է Օսկանյանի հետ կապված զարգացումների նպատակը, ընդդիմադիր գործիչն ասաց, որ իր կարծիքով սա հրաշալի ռեժիսորի հրաշալի սցենարական աշխատանք է, որ իշխանություն-ընդդիմության հակամարտությունը վերածեց իշխանական երկու թեւի հակամարտության: «Այն վերածվեց ՀՀԿ-ԲՀԿ հակամարտության, ընդդիմության մասին այլեւս չեն խոսում»,-ասաց նա: Ավելին` Սուրեն Աբրահամյանը կարծում է, որ այս սցենարի պայմաններում Սերժ Սարգսյանը անցնցում կդառնա նախագահ:
Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի




























