«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը դեռ միանշանակ չի որոշել՝ կառաջադրվի՞, թե՝ ոչ: Այս մասին այսօր` հոկտեմբերի  8-ին հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց «Հանրապետություն» կուսակցության անդամ Սուրեն Աբրահամյանը: Նրա խոսքով, սա Արամ Սարգսյանի հարցը չէ, քանի որ իշխանափոխությունն իրենց համար ինքնանպատակ չէ: «Մենք  պետք է համեմատական անցկացնենք եղածի եւ գալիքի հետ: Այս պահին զբաղված ենք կուսակցաշինական աշխատանքերով, հանդիպումներ ենք անցկացնում ակտիվի հետ եւ այլն եւ այլն»,- ասաց Սուրեն Աբրահմյանը:

Հարցին, թե Լեւոն Տեր-Պետրոսյանի առաջադրման դեպքում ո՞ւմ կպաշտպանեն, նա պատասխանեց, որ երբ առաջադրվեն, այդ ժամանակ նոր միայն կպատասխանի այդ հարցին: Իսկ որպես ռեալ թեկնածու, այս պահին Սերժ Սարգսյանին է տեսնում:

Դիտարկմանը, թե չի՞ բացառում, որ կպաշտպանի Սերժ Սարգսյանի թեկնածությունը, «Հանրապետություն» կուսակցության անդամն ասաց, որ իր կարծիքով, երբ Ռոբերտ Քոչարյանն արենա դուրս գա, իրենք մտածելու առիթ կունենան:

Ի դեպ, Սուրեն Աբրահամյանը հրաժարվեց ՀԱԿ-ի մասին գնահատականներ հնչեցնել պատճառաբանելով, որ նրանց մասին, եթե լավ բան չասի, ապա վատ բան չի ասի: Ինչ վերաբերում է Գագիկ Ծառուկյանի գործոնին, Սուրեն Աբրահամյանը նշեց, որ նույնիսկ նրա կուսակցականները չգիտեն նա այստեղ է, թե՝ ոչ, հետեւաբար ինքը կդժվարանա գնահատական տալ: «Բայց, երբ իր կուսակցության երկրորդ համարի թեկնածուին «փուռն էին տալիս», նա պարտավոր էր լինել այնտեղ»,- ավելացրեց Սուրեն Աբրահմյանը:

Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի