Գնչուները կրակ են բացել Կրասնոդարում, «Վիշնյակի» իրերի շուկայում. մեկ մարդ սպանվել է, երկուսը վիրավորվել են: Միջադեպը տեղի է ունեցել հոկտեմբերի 7-ին, օրվա ամենաթեժ պահին:
Ժողովուրդը «Սպանում են» գոռալով դիմել է փախուստի: Դեպքի վայր ժամանած ոստիկանները հայտնաբերել են 43-ամյա տղամարդու դիակ եւ եւս երկու վիրավորների՝ 39 եւ 40 տարեկան: Զոհվածը Ռուսաստանի հարավում ազգային համայնքի նախագահի ոչ պաշտոնական օգնականն է, իսկ փորին հրազենային վնասվածք ստացած 40-ամյա տղամարդը այդ համայնքի նախագահի որդին է:
Պարզվել է, որ Կրասնոդարում ապրող գնչու ընտանիքների միջեւ կոնֆլիկտ է ծագել, հաղորդում է «Կոմսոմոլսկայա պրավդան»: Համայնքի նախագահն ու գնչուական ազդեցիկ ընտանիքներից մեկը վիճել են այն պատճառով, որ ընտանիքի ղեկավարը թույլ է տվել եկվորներին ապրել Կրասնոդարի մոտ գտնվող ավանում: Արդյունքում, ընդդիմադիր ընտանիքի անդամները, որում եղել են նաեւ կանայք, 8 հոգով եկել են շուկա: Նրանք իրենց հետ բերել են 7.62 տրամաչափի «Սայգա» կարաբին եւ որսորդական հրացան:
Շուկայում կռիվն սկսել են կանայք, իսկ տղամարդիկ սկսել են կրակել: Սպանելով նախագահի օգնականին եւ վիրավորելով եւս երկուսին, հարձակվողները դիմել են փախուստի:





























