Վրաստանի խորհրդարանական ընտրություններին հաղթած «Վրացական երազանք» քաղաքական կոալիցիայի առաջնորդ Բիձինա Իվանիշվիլին հոկտեմբերի 8-ին հրապարակել է երկրի նոր կառավարության նախնական կազմը, որը կհաստատվի օրենսդիր մարմնի աշխատանքն սկսվելուց անմիջապես հետո: Հաղթողն անձամբ վերջնականապես հայտարարել է վարչապետի պաշտոնն զբաղեցնելու իր մտադրության մասին:

Բիձինա Իվանիշվիլիի ձեւավորած Վրաստանի նոր կառավարությունում չի լինի Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի կուսակից որեւէ նախարար կամ նախարարի տեղակալ:

Ինչպես հաղորդում է «Գռուզիա Online»-ը, նոր կառավարության կազմը հետեւյալն է.

Փոխվարչապետ եւ պաշտպանության նախարար` ՄԱԿ-ում Վրաստանի նախկին ներկայացուցիչ Իրակլի  Ալասանիա,

Ներքին գործերի նախարար` Իրակլի Գարիբաշվիլի,

Արտգործնախարար` Իվանիշվիլիի մամուլի քարտուղար Մայա Փանջիկիձե,

Արդարադատության նախարար` Տեա Ծուլուկիանի, 

Առողջապահության եւ սոցիալական ապահովագրության նախարար` Ամիրան Գամկրելիձե,

Տարածաշրջանային զարգացման եւ ենթակառույցների նախարար` Կախա Քալաձե (վարչապետի երկրորդ տեղակալ),

Պատժի իրագործման, փորձարկման եւ իրավական օգնության նախարար` Սոզար Սուբարի (նախկին օմբուդսմեն),

Սփյուռքի հարցերով պետնախարար` Կոտե Սուրգուլաձե,

Գյուղատնտեսության նախարար` Դավիթ Քիրվալիձե,

Եվրոպական եւ եվրատլանտյան ինտեգրման հարցերով նախարար` Ալեքսի Պետրիաշվիլի,

Մշակույթի և հուշարձանների պահպանության նախարար՝ Գուրամ Օդիշարիա,

Վերինտեգրման գործերով նախարար՝ Պաատա Զաքարեիշվիլի,

Սպորտի և երիտասարդության նախարար՝ Լևան Ղիփիանի:

Միաժամանակ Իվանիշվիլին չի նշել մի շարք նախարարությունների ղեկավարներին: Թափուր են մնում ֆինանսների, բնապահպանության, կրթության, էներգետիկայի, էկոնոմիկայի, փախստականների հարցերով նախարարների պաշտոնները:

Պետաուդիտի ծառայությունը գլխավորել է Ռեւազ Շավիշվիլին, Ազգային բանկի նախագահ է դարձել Նոդար Ջավախիշվիլին, գլխավոր դատախազ՝ Արչիլ Կբիլաշվիլին, խորհրդարանի խոսնակ՝ Դավիթ Ուսուպաշվիլին, նրա տեղակալներն են  Մանանա Կոբախիձեն, Զուրաբ Տկեմալաձեն ու Զուրաբ Աբաշիձեն: