Շուտով Google-ի քարտեզագրման համակարգում կտեղադրվեն Երեւանի եւ Ստեփանակերտի եռաչափ մոդելավորմամբ քարտեզներ: Այդ մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Լոկատոր» ընկերության կոմերցիոն տնօրեն Վլադիմիր Սոֆյանը:
Նրա խոսքով՝ Google-ի քարտեզագրման համակարգը աշխարհում ամենատարածվածն է, ուստի հայկական քաղաքների եռաչափ քարտեզագրումը հզոր փիար կհանդիսանա Հայաստանի ու Արցախի համար, կնպաստի զբոսաշրջության եւ ներդրումների աճին: Նշենք, որ աշխարհում շատ չեն քաղաքները, որ ունեն եռաչափ քարտեզներ՝ Նյու Յորք, Պրագա, Փարիզ: ԱՊՀ որեւէ քաղաքի համար նման քարտեզներ չեն մոդելավորված (ներառյալ Մոսկվան):
Վլ. Սոֆյանի տեղեկացմամբ՝ Ստեփանակերտը առայժմ Google-ի քարտեզագրման համակարգում ներկայացվում է որպես Ադրբեջանի մաս: Նոր քարտեզները թույլ կտան աշխարհին ավելի իրատեսական պատկերացում կազմել Արցախի ու նրա ներկա կարգավիճակի, զարգացվածության մասին: Կմոդելավորվեն նաեւ Շուշին, ու ԼՂՀ այլ քաղաքներ: Այս քարտեզների առավելությունն այն է, որ թույլ են տալիս պատկերացում կազմել քաղաքի զարգացվածության մասին, տեղեկություն ստանալ բանկոմատների, տերմինալների, լուսային համակարգերի վերաբերյալ:
Վլ. Սոֆյանի խոսքով՝ այս նախագծերի վրա մոտ 1,5 տարի աշխատում են 17 մարդ: Ներկայում հովանավոր են փնտրում, քանի որ առայժմ այս նախագծերը առեւտրային նպատակ չեն հետապնդում:




























