Ադրբեջանը դժգոհ է Իրանի եւ Հայաստանի համագործակցությունից: Այստեղ կարծում են, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ բանակցություններում Հայաստանի կոշտ դիրքորոշումը պայմանավորված է Իրանի, ինչպես նաեւ Ռուսաստանի աջակցությամբ: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովը Hürriyet Daily News-ի հետ հարցազրույցում:
«Իրանի ու Հայաստանի միջեւ ավելի քան 30 համաձայնագիր է ստորագրվել, Հայաստանում Իրանի դեպանատուն կա: Իրանը Հայաստանին էներգիա, բնական գազ եւ նավթ է մատակարարում: Այն տարանցման համար նոր ճանապարհներ է կառուցում: Լեռնային Ղարաբաղի շուրջ բանակցություններում Հայաստանի կոշտ դիրքորոշումը պայմանավորված է Իրանի, ինչպես նաեւ Ռուսաստանի աջակցությամբ: Իրանը Հայաստանին կյանք է տալիս», - ասել է նա:
Մեկնաբանելով Իրանի եւ Ադրբեջանի հարաբերությունների սրումն այն բանից հետո, երբ Թեհրանը Բաքվին մեղադրեց Իսրայելի հետախուզական գործողություններն Ադրբեջանի տարածքում անտեսելու համար, Ազիմովը նշել է. «Մեր հարաբերություններն Իսրայելի հետ երկկողմ են եւ Իրանին չպետք է անհանգստացնեն»: Նա վստահեցրել է, որ Ադրբեջանը թույլ չի տվել եւ չի էլ տա, որ ինչ-որ երրորդ կողմ իր տարածքն օգտագործի Իրանի վրա հարձակվելու համար: «Ինչո՞ւ չհամագործակցել Իսրայելի հետ: Մենք անվտանգության ընդհանուր շահեր ունենք: Մի՞թե Թուրքիայի եւ Իսրայելի միջեւ նախկինում նման համագործակցություն չկար»,- ասել է նա: Վերջերս Ադրբեջանն Իսրայելի հետ սպառազինությունների հարցով 1,6 մլրդ դոլարի գործարք էր կնքել, ինչի առթիվ Իրանը բացատրություն էր պահանջել Իսրայելից:
Նորից մատնանշելով Հայաստանի հետ Իրանի հարաբերությունների զարգացումը` Ազիմովը նշել է, որ «Իրանը պետք է այդ մասին մտածի»: «Նա Թուրքիայի օրինակով չպետք է համագործակցի Հայաստանի հետ, քանի դեռ շրջափակումը չի դադարել», - ավելացրել է նա: Չնայած որ Ադրբեջանը կարեւորում է Իսրայելի հետ կապերը, ադրբեջանցի դիվանագետը հրաժարվել է դրանք կոչել «ռազմավարական հարաբերություններ»:
Նա նշել է, որ Ադրբեջանը մահմեդական երկիր է եւ աջակցում է Պաղեստինի պետական ինքնավարությունը: «Մենք միաժամանակ դեմ ենք հակամարտության կարգավորմանն ուղղված Իսրայելի քաղաքականությանը», - նշել է նա` ընդգծելով, որ Ադրբեջանի քաղաքականությունը հիմնված է ադրբեջանական հասարակական կարծիքի ձեւավորած սկզբունքների հիման վրա: Խոսելով Ղարաբաղյան հիմնախնդրից` ադրբեջանցի դիվանագետը վատատեսորեն է արտահայտվել: «Եթե հրադադարի ռեժիմի համաձայնությունը խախտվի, շատերի կյանքը վտանգված կլինի, հատկապես` տարածաշրջանում բնակվող ադրբեջանական բնակչության: Ադրբեջանին դա ավելի շատ կվերաբերի, քանի որ ադրբեջանական գրավված հողերի հայկական մասում բնակչություն չկա», - նշել է նա: Ըստ դիվանագետի` Հայաստանը հրահրում է Ադրբեջանին, եւ «փորձում է ստիպել» Բաքվին ամբողջովին դադարեցնել բանակցությունները, այդպիսով «ավելի շատ ժամանակ շահելով Ղարաբաղյան հիմնախնդրի սառեցման համար»:





























