Վերջին 5 տարիների ընթացքում գինեգործության միջին տարեկան աճը 20% է: Այդ մասին այսօր` հոկտեմբերի 8-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարարության արդյունաբերական քաղաքականության վարչության պետ Հայկ Միրզոյանը:

Նրա խոսքով` մշակվել է գինեգործության ոլորտային ռազմավարություն, որի համաձայն` մինչեւ 2020 թ. գինու արտադրությունը եւ արտահանումը կեռապատկվեն: Նշենք, որ 2011 թ. Հայաստանում արտադրվել է 5.6 մլն լիտր գինի, որից 700 հազ. լիտրն արտահանվել է: Գինեգործության ոլորտային ռազմավարությունը մոտ ժամանակներս կքննարկվի գինեգործության ոլորտային խորհրդում, որում ընդգրկված են գինի արտադրող բոլոր 20 ընկերությունները: Ոլորտային խորհրդի հավանությանն արժանանալուց հետո ռազմավարությունը կներկայացվի ՀՀ վարչապետին կից արդյունաբերական խորհրդի հաստատմանը:

Հ. Միրզոյանի գնահատմամբ` ներկայում աշխատանքներ են տարվում խաղողի արտադրությունն ընդլայնելու ուղղությամբ, քանի որ գինեգործության բուռն զարգացման պատճառով առաջացել է խաղողի պակաս: