Բիձինա Իվանիշվիլիի հայտարարությունը պետք չէ համարել հայերի հանդեպ Վրաստանի նոր կառավարության կոշտ դիրքորոշումը: Այսօր՝ հոկտեմբերի 8-ին, մամուլի ասուլիսում հայտարարեց ՀՀԿ-ական պատգամավոր, ջավախահայ Տաճատ Վարդապետյանը: Հայկական կողմն, ըստ նրա, պետք է նորից բարձրացնի ջավախահայերին հուզող խնդիրները, մասնավորապես, անհրաժեշտ է ակտիվացնել գործունեությունը Հայաստան-Վրաստան միջխորհրդարանական բարեկամության խմբում:

«Պետք է ամրապնդել նաեւ հումանիտար երկխոսությունը, որի անբավարարությունը նույնպես ազդում է Ջավախքի հայ համայնքի վրա: Որպես օրինակ կարող եմ բերել Հայ-վրացական համալարանի ստեղծման նախաձեռնությունը, որի նախաձեռնողներից մեկը ես եմ եղել իմ գործընկերների հետ միասին: Մենք օգնել ենք Հայաստանի եւ Վրաստանի ԿԳ նախարարների հանդիպման կազմակերպմանը Քութայիսիում, որտեղ այդ նախագիծը քննարկվել է: Կարծում եմ, որ նման կրթական հաստատությունը կօգնի հայերին չմոռանալ մայրենի լեզուն եւ մնալ հայրենիքում»,-ասաց Վարդապետյանը, հավելելով, որ վիրահայերը երբեք վտանգ չեն ներկայացրել վրացական պետության համար եւ ծաղկեցրել են երկիրն իրենց աշխատանքով:

Հիշեցնենք, որ վերջերս «The New Times»-ին տված հարցազրույցում «Վրացական երազանք» կոալիցիայի առաջնորդ Բիձինա Իվանիշվիլին, ում գլխավորած ուժը հաղթել է խորհրդարանական ընտրություններում, հայտարարել էր հայրենիք վերադառնալու վրացիների ձգտման մասին, ի հակադրություն հայերի, որոնք նախընտրում են մնալ հարեւան Վրաստանում: Ավելի ուշ Իվանիշվիլին հանդես էր եկել պարզաբանմամբ, որտեղ նշել էր, որ ասվածը վերաբերել է հայերի եւ հրաների՝ աշխարհի քաղաքացի լինելու եւ ուժեղ սփյուռք ստեղծելու ունակությանը, ի հակադրություն վրացիների, ովքեր միշտ ձգտում են հայրենիք վերադառնալ: