Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, շնորհակալություն է հայտնել բոլոր այն կազմակերպություններին, գերատեսչություններին եւ կառույցներին, որոնք ակտիվ մասնակցություն են ունեցել անցյալ շաբաթ կայացած համաքաղաքային շաբաթօրյակին: Հանձնարարվել է նաեւ մշտական հսկողություն իրականացնել աղբի կուտակման խրոնիկ վայրերը վերացնելու ուղղությամբ:
Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, թե քաղաքապետին զեկուցվել է, որ հոկտեմբերի 14-ի «Էրեբունի-Երեւան» տոնակատարությանն ընդառաջ շարունակվում են միջոցառումների կազմակերպման աշխատանքները: Էրեբունի արգելոց- թանգարանում եւ Հանրապետության հրապարակում նախատեսվող համերգային ծրագրերից բացի, տոնն առավել զանգվածային դարձնելու նպատակով, մայրաքաղաքում տեղադրվելու են նաեւ 26 այլ բեմահարթակներ:
««Էրեբունի-Երեւան» տոնակատարությունը ամբողջ հայության տոնն է եւ պետք է համապատասխան բոլոր միջոցները ձեռնարկենք` ապահովելու իրապես տոնական մթնոլորտ եւ ուրախ տրամադրություն: Տոնակատարությունների կազմակերպման եւ իրականացման աշխատանքներում ակտիվորեն պետք է ներգրավվեն նաեւ երեւանցիները`զգալով իրենց մասնակցության կարեւորությունը»,-նշել է Տարոն Մարգարյանն ու հանձնարարել զանգվածային լրատվության միջոցներով մեկ անգամ եւս տեղեկացնել ազգաբնակչությանը նախատեսված միջոցառումների մասին` մասնակից դարձնելով նաեւ երիտասարդներին եւ հասարակական կազմակերպություններին:
Տոնին ընդառաջ ընթացքի մեջ են մայրաքաղաքի արտաքին տեսքի ձեւավորման աշխատանքները: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է ձեռնարկել համապատասխան միջոցները՝ հոկտեմբերի 14-ին հասարակական տրանսպորտի եւ մետրոպոլիտենի աշխատանքը մինչեւ ուշ երեկո ապահովելու ուղղությամբ:
Տոնակատարության շրջանակում մայրաքաղաքում կտեղադրվեն քաղաքաշինական եւ գեղարվեստական խորհուրդների կողմից հավանության արժանացած քանդակագործներ Թերեզա Միրզոեւայի եւ Աշոտ Հարությունյանի հեղինակած արձանները:




























