Այնպիսի կառույց, որտեղ այս կամ այն պետությունը կարող է հեղինակային իրավունքով գրանցել «գինու բնօրրան» բրենդը, գոյություն չունի: Նման հայտարարությամբ այսօր` հոկտեմբերի 8-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հանդես եկավ ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչության պետ Մեխակ Ապրեսյանը:
Անդրադառնալով Եվրամիությունում Վրաստանի կողմից «գինու բնօրրան» բրենդի գրանցմանը, Մ. Ապրեսյանն ասաց, որ այս կամ այն ապրանքային նշանը գրանցում են ոչ թե կառավարությունները, այլ ընկերությունները: Իսկ գինու հայրենիք համարվելու համար, նրա խոսքով, անհրաժեշտ են փաստեր եւ ապացույցներ: Իսկ փաստն այն է, որ Արենիի քարանձավում հայտնաբերվել են աշխարհում հնագույն գինու պատրաստման գտածոները:
«Ես չեմ ուզում նվաստացնել մեր հարեւան հանրապետությունում գինեգործական ավանդույթները, բայց պետք է ճիշտ գնահատենք փաստերը»,- ասաց Մ. Ապրեսյանը, հավելելով, որ Հայաստանը Վրաստանի հետ պետք է համագործակցի «գինու ճանապարհներ» կառուցելու հարցում` որպես զբոսաշրջիկներ ներգրավելու միջոց:




























