Լոնդոնյան «Թեյթ Մոդեռն» ժամանակակից արվեստի պատկերասրահի այցելուներից մեկը հոկտեմբերի 7-ին փչացրել է նախորդ դարի ամերիկացի հայտնի նկարիչ Մարկ Ռոտկոյի կտավը: Վանդալը ռուս նկարիչ Վլադիմիր Ումանեցն է եղել, որը հայտարարել է, որ իր արարքը կոնցեպտուալ է: Ցուցահանդեսը ժամանակավորապես դադարեցրել է աշխատանքը:

Նկարը անձամբ Ռոտկոն էր նվիրել ցուցահանդեսին` իր մահվանից քիչ ժամանակ առաջ` 1970 թվականին: Այն գնահատվում է 50 միլիոն եվրո:

Ինչպես պատմել են ականատեսները,  այցելուներից մեկը հանգիստ նստած է եղել նստարանին, դիտել նկարները: Այնուհետեւ նա կտրուկ վեր է կացել, մոտեցել Ռոտկոյի նկարին եւ վրձնով ներքեւի ձախ անկյունում սեւով գրել է. «Vladimir Umanets, A Potential Piece of Yellowism»: Դրանից հետո նա արագ լքել է պատկերասրահը: 

The Evening Standard թերթին հաջողվել է գտնել Վլադիմիր Ումանեցին, որը աղքատ եւ անտուն նկարիչ է: Նա բացատրել է, որ իր ակցիայով ցանկացել է միայն ուշադրություն հրավիրել  «յելոուիզմ» հայեցակարգին, որը մշակել է իր ընկեր նկարիչ Մարցին Լոդիգայի հետ: Նա նշել է, որ  մտադիր է փնտրել եւս մի քանի հայտնի ստեղծագործություններ, որպեսզի դրանք եւս ընդգրկի այդ հայեցակարգում:  Նկարիչը վստահ է, որ իր արարքից հետո նկարները դառնում են ավելի արժեքավոր, գրում է «Կոմերսանտը»:

Ինչպես հայտնում է rbc-ն, հայտնի է, որ տղամարդը Լոնդոն էր եկել   մի քանի տարի առաջ: Այժմ նա հավաքարար է աշխատում: Նկարը փչացնելու համար նրան կալանք է սպառնում:

Հիշեցնենք, որ ծնունդով Ռուսական կայսրությունից Մարկ Ռոտկոն XX դարի առաջատար նկարիչներից է: 2012 թվականի մայիսին նրա «Նարնջագույն, կարմիր, դեղին» նկարը  Christie`s աճուրդում վաճառվել էր 86,9 միլիոն դոլարով: