«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) հանդես եկավ որպես համահայկական նկարչական երրորդ մրցույթ-փառատոնի գլխավոր հովանավոր: Մրցույթ-փառատոնի շրջանակում Երեւանի գեղագիտության ազգային կենտրոնում կայացավ հայ պոեզիային նվիրված նկարների ցուցահանդեսի բացման արարողությունը:
Մինչեւ նոյեմբերի 3-ը մանկական ստեղծագործության թանգարանի հյուրերը կարող են տեսնել մրցույթ-փառատոնի երկրորդ փուլն անցած 347 աշխատանք: Ընդհանուր առմամբ, այս տարի «Սիրե´ք պոետի գույները» խորագրով համահայկական նկարչական երրորդ մրցույթ-փառատոնի մասնակցության հայտ են ներկայացրել 1460 երեխա եւ պատանի` Հայաստանից, Արցախից եւ Սփյուռքից: Ցուցահանդեսը գործելու է մինչեւ 2012թ-ի նոյեմբերի 3-ը:
«Գեղագիտական դաստիարակությունը նպաստում է երեխայի կրթված եւ բազմակողմանի զարգացած մարդ լինելուն: Արդեն երրորդ տարին է, ինչ «ԱրմենՏել» ընկերությունն անընդմեջ աջակցում է համահայկական նկարչական մրցույթ-փառատոնին եւ երրորդ տարին է, ինչ մենք ականատես ենք լինում շատ տաղանդավոր երեխաների աշխատանքներին, ինչպես նաեւ մրցույթի մասնակիցների քանակի աճին: Ուրախ ենք, որ աջակցելով մրցույթի անցկացմանը, մենք նպաստում ենք աճող սերնդի զարգացման եւ դաստիարակման գործին, օգնում նրանց շփվել գեղեցիկի հետ, զարգացնել նկարչի հմտությունները եւ ուսումնասիրել հայ բանաստեղծների անմահ ստեղծագործությունները», - նշեց «ԱրմենՏել» ընկերության հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Անուշ Բեղլոյանը:
Փառատոնը կազմակերպվել է ՀՀ Կրթության եւ գիտության նախարարության կողմից: Մրցույթի նպատակն է բացահայտել Հայաստանի, Արցախի եւ Սփյուռքի տաղանդաշատ երեխաներին, խրախուսել հայ պոեզիայի իմացությունը եւ նպաստել նրանց պատկերավոր մտածողության զարգացմանը:
Նշենք, որ «Սիրե´ք պոետի գույները» մրցույթ-փառատոնի Սփյուռքից հաղթողները հնարավորություն կունենան այցելել Հայաստան: Սփյուռքի, ինչպես նաեւ Հայաստանի եւ Արցախի հաղթողների համար կկազմակերպվի կրթական ծրագիր:





























