Հոկտեմբերի 8-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է ԳԴՀ զինված ուժերի կաթոլիկ եպիսկոպոս եւ ռազմական տեսուչ Մոնսինյոր Յոհակիմ Սիմոնին: ԳԴՀ ԶՈՒ կաթոլիկ եպիսկոպոսը Հայաստանում է գտնվում ճանաչողական այցով, որի նպատակն է փորձի փոխանակում իրականացնել զինված ուժերում հոգեւոր ծառայության դերի եւ գործառույթների ուղղությամբ:

ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե, ողջունելով հյուրին, ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանը կարեւորել է այցը եւ նշել, որ ԶՈՒ հոգեւոր ծառայությանը մեծ նշանակություն է տրվում բանակի կյանքում: Ս. Օհանյանն ընդգծել է, որ այս բնագավառում փորձի փոխանակումը եվրոպական երկրների զինված ուժերի նմանբնույթ ծառայությունների հետ առավել քան կարեւոր է, մանավանդ, որ հայ եւ գերմանացի զինծառայողները համատեղ առաքելության են մասնակցում Աֆղանստանում:

Մոնսինյոր Յոհակիմ Սիմոնը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար եւ նշել, որ երկու երկրների զինված ուժերի հոգեւոր ծառայությունների գործառույթներում եւ խնդիրների շրջանակներում շատ նմանություններ կան, ուստի փորձի փոխանակումը արդյունավետ կարող է լինել երկու կողմերի համար:

Այցի ընթացքում նախատեսվում է Եպիսկոպոս Յոհակիմ Սիմոնի հանդիպումը Ամենայն Հայող Կաթողիկոս Գարեգին Բ-ի հետ, այցելություն ՀՀ ՊՆ Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտ, զորամասեր, ինչպես նաեւ պատմամշակությանին վայրեր` Էջմիածին, Խոր Վիրապ, Նորավանք եւ այլ: ԳԴՀ ԶՈՒ կաթոլիկ եպիսկոպոսը կայցելի նաեւ Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիր: