Գրականության Նոբելյան դափնեկրի անունը կհայտարարվի հոկտեմբերի 11-ին. ամսաթիվն իր բլոգում հրապարակել է Շվեդիայի ակադեմիայի քարտուղար Պետեր Էնգլունդը:

Սովորաբար այդ ամսաթիվը գաղտնի է պահվում: Այն հայտարարում են Նոբելյան շաբաթն սկսելուց հետո: Նոբելյան շաբաթը մեկնարկել է այսօր` հոկտեմբերի 8-ին, հայտարարվել են բժշկության եւ ֆիզիոլոգիայի բնագավառի դափնեկիրները` ճապոնացի գիտնական Սինյո Յամանակեն եւ բրիտանացի կենսաբան Ջոն Գերդոնը:

Ինչպես հայտնում է «Իզվեստիան», մինչ բուքմեյքերները շարունակում են գրականության մրցանակի հնարավոր հավակնորդների սեփական ցուցակները ճշգրտել, Շվեդիայի ակադեմիան այն խիստ գաղտնի է պահում:

Landbrokes կայքի վարկածով` նախկինի պես առաջատարը Հարուկի Մուրակամին է` 2:1 ցուցանիշով: Երկրորդ տեղում չինացի արձակագիր Մո Յանն է: Երրորդ տեղում անսպասելի հայտնվել է Պետեր Նադաշը. Վերջին անգամ Նոբելը Հունգարիային տրվել է 2002թ., դափնելիրը Իմրե Կերտեսն էր:

Առաջին տասնյակում են նաեւ իռլանդացի Ուիլյամ Տրեւորը, ամերիկացի Բոբ Դիլանը, հոլանդացի Սեյս Նոթեբոոմը, քենիացի Նգուգի Վա Տհիոնգոն, ամերիկացի Թոմաս Պինչոնը, ալբանացի Իսամիլ Կադարեն, սիրիացի բանաստեղծ Ադոնիսը:
Ռուս հեղինակների հնարավորությունները գնահատվում են նախկինի պես. 100:1` Վիկտոր Պելեւին, 66:1`Եվգենի Եվտուշենկո:

Landbrokes-ի ցուցակում ամենավերջին տեղում «Մոխրագույնի 50 երանգ» վեպի բրիտանացի հեղինակ Է. Լ. Ջեյմսն է, նրա ցուցանիշներն են` 500:1: