Վրաստանի արտաքին քաղաքականության ընթացքը չի փոխվի, երկիրը կշարունակի եվրոպական եւ եվրոատլանտյան կառույցների ինտեգրումը, բայց միեւնույն ժամանակ կսկսի վերականգնել հարաբերությունները Ռուսաստանի հետ: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 8-ին, Թբիլիսում տեղի ունեցած լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է Մայա Փանջիկիձեն, ով հանդիսանում է Վրաստանի արտաքին գործերի նախարարի` Իվանիշվիլիի կառավարության թեկնածուն:
Հոկտեմբերի 8-ին Բիձինա Իվանիշվիլիի կողմից լրագրողներին ներկայացված Մայա Փանջիկիձեն, ով 2004- 2007 թթ-ին եղել է Գերմանիայում, իսկ 2007 -2010 թթ-ը Նիդերլանդներում Վրաստանի դեսպանը, ներկայացվել է որպես արտգործնախարարի թեկնածու:
«Վրաստանի արտաքին քաղաքականության ընթացքը չի փոխվի. եվրոպական եւ եվրոատլանտյան կառույցների ինտեգրումը վրացի ժողովրդի ընտրությունն է: Ես 16 տարի աշխատել եմ դիվանագիտական ծառայությունում, որի ընթացքում դա ընկած է եղել իմ աշխատանքի հիմքում: Մեր հիմնական գործընկերը կլինի ԱՄՆ-ն եւ այս հարաբերությունները պետք է ավելի խորացնել: Սակայն մենք չպետք է մոռանանք հարեւաններին` ինչպես հեռավոր, այնպես էլ մոտակա: Մենք պետք է հարաբերությունները կարգավորենք Ռուսաստանի հետ: Թեեւ հարաբերությունները 1-2 օրերի ընթացքում կարգավորել մենք չենք կարողանա»,-նշել է Փանջիկաձեն:
Նրա խոսքով, Վրաստանը պետք է գտնի Ռուսաստանի հետ ընդհանուր շահերի ոլորտներ:
Միեւնույն ժամանակ նա նշել է, որ «Տարածքային ամբողջականության վերականգնումը գերակա կմնա Վրաստանի արտաքին եւ ներքին քաղաքականության մեջ»,- փոխանցում է «Նովոստի-Գրուզիան»:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 8-ին «Վրացական երազանքի» առաջնորդը հայտնել է Վրաստանի կառավարության 20 նախարարներից 13-ի անունը: Մնացած 7 նախարարների անունները հայտնի կդառնան մոտ ժամանակներս:




























