Ստեփանակերտի միջազգային օդանավակայի բացումը հանգիստ չի տալիս Ադրբեջանին: Քաղաքացիական օդանավերի կործանման սպառնալիքների անարդյունավետության մեջ համոզվելուց հետո Բաքուն անցել է շանտաժի մեկ այլ տեսակի բանեցմանը:
Ադրբեջանական ԱՊԱ գործակալությանը ինչ-որ գաղտնի դիվանագիտական աղբյուր հայտնել է, որ «եթե հայերը թռիչքներ իրականացնեն Լեռնային Ղարաբաղ, Թուրքիան կարող է փակել Հայաստանի համար իր օդային տարածքը»: Աղբյուրը նշել է, որ Բաքուն ու Անկարան որոշակի պայմանավորվածություն ունեն այս հարցում, եւ հարցը վերջերս բազմիցս քննարկվել է Ադրբեջանի եւ Թուրքիայի ավիացիոն ստորաբաժանումների կողմից:
Հայաստանի քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունում ադրբեջանական գործակալության տարածած լուրը հրաժարվեցին մեկնաբանել:
Նույն ԱՊԱ գործակալության հետ հարցազրույցում Թուրքիայի Մեջլիսի պատգամավոր, «Ազգայնական շարժում» կուսակցության անդամ Սինան Օգանը հնարավոր է համարել Հայաստանի համար Թուրքիայի օդային տարածքը փակելու հնարավորությունը, սակայն, միեւնույն ժամանակ հարց է բարձրացրել, թե այդ դեպքում թռիչքները Նախիջեւան ո՞ր ճանապարհով է կատարվելու:
Ինչպես ավելի վաղ հայտնել է NEWS.am-ը, «Ստեփանակերտ» օդանավակայանն արդեն գործարկվել է, իսկ թռիչքները նախատեսվում են իրականացնել առաջիկայում: Օդանավակայանի բացման լուրին ի պատասխան Ադրբեջանն օդանավերը կործանելու սպառնալիքով է հանդես եկել:





























