Ռազմական ոլորտում Ուկրաինայի սերտ հարաբերությունները Ադրբեջանի հետ որոշ իմաստով խնդիր են Հայաստանի համար`2013թ. ԵԱՀԿ-ում Ուկրաինայի նախագահության համատեքստում: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը` մեկնաբանելով այն տեղեկատվությունը, որ վերջին 20 տարում Ուկրաինան Ադրբեջանին 220 տանկ է վաճառել:
Գրիգորյանի խոսքով` նախագահելով ԵԱՀԿ-ում, Ուկրաինան կկառուցի իր գերակայությունները. «Այսինքն, Ուկրաինայի ակտիվ համագործակցությունը Ադրբեջանի հետ, այդ թվում` ռազմական ոլորտում, ազդեցություն կունենա ղարաբաղյան հարցում նրա քաղաքականության վրա: Դա նշանակում է, որ Հայաստանը պետք է ակտիվացնի Ուկրաինայի հետ քաղաքական օրակարգը»:
Քաղաքագետը նաեւ նշեց, որ հայ-ուկրաինական հարբերությունները եւս վատ չեն, եւ չպետք է վախենալ, որ Ուկրաինան ակտիվորեն աշխատում է Ադրբեջանի հետ. «Սա չպետք է խանգարի մեր հարաբերություններին: Բայց հենց նրա համար, որ Ուկրաինան նախագահելու է ԵԱՀԿ-ում, Հայաստանին պարտադիր պետք է ակտիվացնել օրակարգը»:
Նշենք, որ համաձայն ԶԼՄ հրապարակումների, 1992թ-ից մինչ օրս Ուկրաինան Ադրբեջանին 220 տանկ է վաճառել:





























